Տարվույս հունիս 1-ին, Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը եւ թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով հանդիպում ունեցան մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Մինչ այդ, օրեր առաջ Անդրե Կիսաջեկյանը առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակի շատ վատ տեսքը դեռեւս պահպանվում է: Պահը կարեւոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղղված շատ ու շատ մանրամասներ:
Շատերիս է հայտնի, որ Հայոց ցեղասպանության դառը հետեւանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման եւ ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում:
Հանդիպման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկեց մոտիկից ծանոթանալ 100 եւ ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովրդի զանգվածային բնաջնջմանն ուղղված թուրքական վայրագություններին՝ խոստանալով վերջինիս, թե ինքը նույնպես կհամոզվի, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը: Նարեկ սրբազանը անդրադարձավ նաեւ Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով, որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրեց միասին մեկնել Հայաստան՝ նրան ծանոթացնելու Մայր Հայրենիքում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջեւ երկար տարիներ ստեղծված ազնիվ եւ հոգեւոր բարեկամությունը:
Մեծ գնահատանքի է արժանի նաեւ Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության եւ հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առ այսօր տարաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք եւ դեպի Մայր Եկեղեցի: Արցախյան պատերազմի ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի՝ բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջեւ, ինչպես նաեւ հումանիտար մեծ օգտակարություն բերեց Արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ:
Այս ծրագրի իրականացման գործում մեծ դեր ունեցավ նաեւ բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը:
Կարդացեք նաև
Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունն անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք եւ ոճրագործություն:
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2021