Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթը, պետական ու ազգային շահը

Հունիս 04,2021 12:00

Այվազյանն իր հրաժարականով՝ փրկե՞ց ԱԳՆ-ին` հնարավոր ոչ հայանպաստ նախաձեռնության համաձայնություն տվողի պատասխանատվություն չստանձնելո՞վ

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ, եւ նրա խոսքում որոշ մտքեր բավական ուշագրավ էին: «Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, եւ մինչեւ այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ…», ասել է նա: Ապա` հավելել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այնուհետեւ ամփոփելով խոսքը՝ նա հետեւյալ խորհուրդն է տվել գործընկերներին. «…Ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, եւ մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար»։

Եթե Արա Այվազյանն արձանագրում է, որ պաշտպանել է մեր երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը ու վստահ է, որ ամոթով չի թողել, բայց հիմա հրաժարական է տալիս, ուրեմն, տրամաբանությունը հուշում է, որ եղել են ինչ-որ շեղումներ, որոնց ԱԳ նախարարի պաշտոնակատարը ընդդիմացել է, կամ դրանք նրա սկզբունքներին համահունչ չեն եղել: Ավելին՝ Այվազյանն անգամ բացատրում է, որ իր որոշումը պայմանավորված է եղել հենց այդ պատճառով, որպեսզի որեւէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների՝ «որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»:

Այսինքն՝ Այվազյանն իր հրաժարականով՝ փրկե՞ց ԱԳՆ-ին` հնարավոր ոչ հայանպաստ նախաձեռնության համաձայնություն տվողի պատասխանատվություն չստանձնելո՞վ:

Դիվանագետի համար՝ Արա Այվազյանն ասել է ավելին, քան, այսպես ասած՝ թույլատրելի է: Հետեւաբար, հայաստանյան քաղաքական դաշտի, իրավապահների համար, այդ հայտարարությունում ասվել է բավականաչափ, եւ իսկապես այն մտորելու տեղիք պետք է տա:
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն անմիջապես արձագանքեց Արա Այվազյանի հայտարարությանը: «Այնուամենայնիվ, կարծում ենք՝ մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Փաշինյանի խոսնակը:

Ստեղծված իրավիճակում, ավելի ճիշտ կլիներ, որպեսզի կառավարության ղեկավարը պարզաբաներ, թե ինչու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոն զբաղեցրած դիվանագետը նման տեքստով հեռանում:

Ավելին, Արա Այվազյանը համարում է, որ նույնիսկ այսօրվա դժվարին պայմաններում դիվանագետներն իրավունք չունեն լինել՝ հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող, այսինքն, նա վստահություն է հայտնում, որ ԱԳՆ-ում դեռ կան «սկզբունքային դիվանագետներ»: Կարելի է ենթադրել, որ Արա Այվազյանի հետ կարող էին ԱԳՆ-ին հրաժեշտ տալ նաեւ այլ դիվանագետներ, իսկ դա նշանակում է, որ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում խմորումներ կան, դիվանագետները բախվում են մեր պետության ինքնիշխանության, անկախության, պետական ու ազգային շահի պահպանման հարցերում ինչ-որ խնդիրների: Ու եթե նմանօրինակ հարցերի մասին Արա Այվազյանն ակնարկում է, ուրեմն կասկած կարելի է չունենալ, որ իրավիճակն ԱԳՆ-ում ավելի բարդ է, քան հնարավոր էր պատկերացնել:

Հետպատերազմյան փուլում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքն, իսկապես, առավել քան երբեւէ կարեւոր է: Բարդ փուլ է Հայաստանի ու ողջ հայության համար: Պահանջվում են մեծ ջանքեր, ամենօրյա անդադար աշխատանք գործընկեր պետությունների հետ, լոբբիստական կառույցների հետ: Արա Այվազյանի հրապարակային գնահատականները ճիշտ հաշվարկված էին, կշռադատված, կոնկրետ թիրախներով ու հստակ սլաքներով: Նրա հայտարարություններից, երբեմն, նույնիսկ տպավորություն էր ստեղծվում, որ նա Փաշինյանի ղեկավարած կառավարության տեսակետ չի ներկայացնում, որովհետեւ մենք ընտելացել ենք լսել ոչ հստակ, լղոզված, իրար հակասող, երբեմն, բացարձակ չհաշվարկված ու Հայաստանի շահերից չբխող հայտարարություններ: Իսկ Արա Այվազյանը, կարծես, ստանձնել էր ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխող քաղաքական ուժի այդ թերի մեկնաբանությունները շտկելու, խմբագրելու ու կրկին մեր պետության շահը հստակ ձեւակերպելու գործը:

Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ իրավապահ մարմիններին պետք է հետաքրքրի, թե Արա Այվազյանը հեռանալուց առաջ իր խոսքում ինչո՞ւ շեշտադրում արեց պետական, ազգային շահի դեմ քայլերի մասին։ Եթե կառավարության անդամն ակնարկում է, որ Հայաստան պետության ազգային շահը վտանգված է, ուրեմն անհրաժեշտ են համարժեք քայլեր, այլ ոչ թե վարչապետի մամլո խոսնակի մակարդակով՝ «բան ունեք ասելու՝ ասեք», ոճով արձագանքը:

Պետականության, ինքնիշխանության, ազգային շահերի ապահովման երաշխավորը ՀՀ պետական բոլոր մարմիններն են, նրանք բոլորն են հավասարապես պատասխանատվություն կիսում թե՛ մինչ այժմ կատարվածի, թե՛ ապագայում իրականացվողի համար:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930