Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չէր կարող հասնել Սյունիք, գնալ Արցախ՝ առանց Շուռնուխ մտնելու»․ Շուռնուխի վարչական ղեկավար

Հունիս 03,2021 23:13

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը սպասված էր, կարծես խաղաղվեցինք մի տեսակ, չէ որ հավատքով ժողովուրդ ենք մենք՝ սյունեցիներս»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։ Նրա խոսքով, Գորիսի մուտքի մոտ Վեհափառին դիմավորեցին ոչ միայն գորիսեցիները, այլ Սյունիքի տարբեր բնակավայրերում ապրողները։

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հինգշաբթի մեկնել էր Սյունիք եւ Արցախ։

Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ զոհված զինվորականների եւ ազատամարտիկների պանթեոնում։

«Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,–ասաց Իրինա Յոլյանը։

Կաթողիկոսը օրհնված խաչեր նվիրեց ինչպես զոհված ազատամարտիկների երեխաներին, այնպես էլ Շուռնուխ սահմանամերձ բնակավայրում ապրող բոլոր երեխաներին։ «Մեր կաթողիկոսը ասաց, որ չէր կարող հասնել Սյունիք, գնալ Արցախ՝ առանց Շուռնուխ մտնելու։ Մեզ բոլորիս տոկունություն, զորակցություն, համբերություն մաղթեց։ Օրհնեց, որ Աստված զորավիգ լինի շուռնուխցիներին»,-Aravot.am-ի հետ ասաց Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Չնայած Կաթողիկոսի ժամանակը սուղ էր, բայց Հակոբ Արշակյանի խոսքով՝ մոտ մեկ ժամ նա անցկացրեց շուռնուխցիների հետ։ «Չէր մերժում ոչ մեկին, երկու ամսական երեխայի օրհնեց, կնքեց, բոլոր մոտեցողների հետ խոսում էր, տալիս հայրապետական օրհնանքը»,–ասում է Շուռնուխի ղեկավարը։

Գարեգին Բ կաթողիկոսը այցելեց նաեւ շուռնուխցի երկու ընտանիքի, որոնց տները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո մնացել են ադրբեջանական հսկողության ներքո։ «Մանրանկարներ նվիրեց այդ ընտանիքներին՝ Հիսուսի Խաչն ու Հիսուսի ծնունդը պատկերող նկարներ։ Բնակիչները իրենց հոգսերը պատմեցին Կաթողիկոսին, նա էլ լռելյայն լսեց ու աղոթեց առ Աստված»,–նշեց Արշակյանը։

 

Վեհափառ Տերն ու նրան ուղեկցողները Շուռնուխում Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսների պատվին կանգնեցրած հուշարձանին հատուկ կարգ մատուցեցին եւ ծաղկեդրման արարողություն կատարեցին։

«Վերջում էլ մեր գյուղացի Սպարտակ Հակոբյանի եւ նրա կնոջ՝ Էմիլիայի պսակադրությունը օրհնեց։ Հարսանիքը Կապանում էին արել, քանի որ Սպարտակի պապիկը Կապանում է մնում եւ ուզեց այնտեղ թոռան ուրախությունը նշի։ Եվ հետո գյուղում այդպիսի տարածք էլ չկա, որ հարսանիք անեինք»,–ասում է Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ պատերազմից հետո սա գյուղում առաջին պսակադրությունն էր։

Շուռնուխի վարչական ղեկավարը համոզված է, որ Կաթողիկոսի այցից հետո կյանքը կփոխվի, եւ Շուռնուխում առաջիկայում ավելի շատ հարսանիքի զուռնան կհնչի եւ նորածնի ճիչ կլսվի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930