Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.  Արման Թաթոյան

Հունիս 03,2021 23:33

Երեկ՝ հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը:

Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեցին հայտարարություն. «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան»։

Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա:

Ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն էլ ընդհանրապես հաստատում է քրեական ընթացակարգերի ապալեգիտիմիությունը և ավելորդ դարձնում անգամ որևէ իրավունքի մասին խոսելը: Ավելին, այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի և մի շարք այլ կենսական իրավունքներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության տարածված կոչեր:

Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:

Եվ այս ամենն այն պայմաններում, որ ադրբեջանական իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը:

Հետևաբար, հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:

 Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930