Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր

Հունիս 03,2021 20:55

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների  հանդիպումը

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում:

Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերն արձանագրել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հատկապես վերջին շրջանում արձանագրվող դրական միտումները, որոնք համարժեք են երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն:

Արձանագրվել է, որ երկու կառույցների միջև փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ թույլ է տալիս  փոխադարձ վստահության և կառուցողականության հիմքի վրա հնարավորինս արագ համատեղ լուծելու միջազգային համաձայնագրերով կարգավորման ոչ միշտ ենթակա խնդիրները:

Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման  կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր:

Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930