Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ.-ի պատերազմից հետո քաղհասարակությունը ներկայացվում է, որպես թշնամու «ագենտ», Թուրքիայի համար աշխատող ուժեր. Ինչ են պարզել անկախ հետազոտողները

Հունիս 03,2021 19:44

«Առողջապահության համակարգը Հայաստանում ընդհանրապես լավ անուն չունի դրա պատճառները տարբեր են թերի ֆինանսավորում եւ այլն»,-այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող Արթուր Պապյանը: Նա իր այլ գործընկերների հետ  Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։ Հետազոտությունը բաղկացած է 4 գլուխներից՝ Կորոնավիրուսի համաճարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ, Ժողովրդավարություն ու սոցիալ-մշակութային հարցեր:

Ըստ Արթուր Պապյանի, եւ համակարգի նկատմամբ անվստահությունը բերեց նրան, որ այդ պանդեմիան Հայաստանում վերածվեց ինֆոդեմիայի: Ասաց, որ հիմնականում ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվական դաշտ էր հոսում ռուսական աղբյուրներից: Այդ ապատեղեկատվությունն էլ խորանում էր Հայաստանի իշխանությունների՝ իրար հակասող հայտարարություններով:

«Ասում էին՝ «կորոնավիրուսն ում շունն է» կամ՝ դիմակներ պետք են, պետք չեն: Արտակարգ իրավիճակների քայլերն էին ոչ լիարժեք, սահմանվում էին չափից դուրս խիստ կարգավորումներ, բայց իշխանությունն ի վիճակի չէր լինում այդ ամենին հետեւելու, ոստիկաններն այցելու էին մարդկանց բնակարաններ եւ պահանջում էին ֆեյսբուքյան գրառումներ հեռացնել եւ այլն: Այս ամբողջը ստեղծեց իշխանություն-հասարակություն հարաբերություներում լարվածություն»,-ասաց Արթուր Պապյանը: Նրա խոսքով, դրան հաջորդեց հուլիսյան դեպքերը, հետո պատերազմը եւ մարդիկ մոռանալով ամեն ինչ ռազմաճակատով էին ապրում.

«Հասարակությունը դասեր չքաղեց եւ ունեցանք համավարակի 3-րդ ալիք: Ինչի հետեւանքով այս տարվա գարնանը կորոնավիրուսի պատճառով ունեցանք մեծ թվով զոհեր»:

Նա հիշեցրեց նաեւ կոճապղպեղի, բանանի եւ 5 G-ի շուրջ շրջանառվող միֆերը՝ երբ առաջինի դեպքում շուկայում դեֆիցիտ առաջացավ, բանանի դեպքում կեղծ տեղեկատվություն տարածվեց, թե կորոնավիրուսը դրա միջոցով է տարածվում, իսկ 5 G-ի դեպքում ինչպես են պատրաստվում մարդկանց չիպավորել: Արթուր Պապյանի խոսքով, իշխանությունները ինֆորմացիոն վակում էին ստեղծում եւ չէին կարողանում ժամանակին արձագանքել, սակայն, երբ սկսեցին արձագանքել պատկերը փոխվեց:

2020 թվականին էլ ապատեղեկատվությունը կորոնավիրուսի պատվաստանյութերի վերաբերյալ էր՝ «Աստրազենեկան» վատն է, «Սպունիկ V»-ն՝ լավը:

Հետազոտող Աննա Փամբուխչյանի խոսքով, քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը Հայաստանում նորություն չէր, սակայն հստակ տարբերություն կա նախահեղափոխական շրջանի եւ հետ հեղափոխական շրջանի միջեւ: Նրա խոսքով, ընտանեկան բռնությունների դեմ պայքարող ՀԿ-ների գործունեությունը որակվում է որպես հայկական ավանդական ընտանիքի արժեքների դեմ պայքարող կազմակերպություններ. «Նախկինում նման ապատեղեկատվական արշավների համար անհարժեշտ էին շարժիչ պատճառներ, ի սկզբանե ինչ-որ խնդիրներ պետք է լինեին, եւ երբ քաղհասարակությունը հանդես էր գալիս որոշակի առաջարկությամբ, ի պատասխան, որոշ լրատվամիջոցներ, որոնք կապվում են նախկին իշխանությունների հետ, հանդես էին գալիս քաղհասարակության դեմ: 2018-ից ի վեր քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը կրում է շարունակական բնույթ, պարբերաբար իր մեջ ներառում է ատելության խոսք, սպառնալիքներ: Դատական համակարգը որեւէ կերպ չի պաշտպանում քաղհասարակության ներկայացուցիչներին»:

Աննա Փամբուխչյանի խոսքով, եթե մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը քաղհասարակությունը հիմնականում ներկայացվում էր որպես Արեւմուտքի ագենտներ, որոնք բացառապես աշխատում են Արեւմուտքի համար, 2020-ից հետո տեսնում ենք, որոշակի փոփոխություն. Քաղհասարկությունը ներկայցվում է որպես թշնամու ագենտ, Թուրքիայի համար աշխատող ուժեր: Այս պնդումները բացարձակապես որեւէ հիմք չունեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930