Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հունիսի 2-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Շարլ Միշելը ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության ձևավորմանը: Միշելը կոչ է արել կողմերին համագործակցել պահվող անձանց, ականազերծման և այլ մարդասիրական հարցերի շուրջ՝ լիարժեք թափանցիկության պայմաններում:
Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, սակայն «Հայաստանը չի պատասխանել այդ կոչին»: Շարլ Միշելը կոչ է արել կողմերին բանակցություններ անցկացնել կառուցողական մթնոլորտում:
Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացումից և մեծ նշանակություն են տվել այդ համագործակցությանը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել էներգետիկ անվտանգության ոլորտում գործակցությունից:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում կողմերը հետաքրքրություն են դրսևորել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման հարցի վերաբերյալ: Բացի այդ, նրանք կարևորել են Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագիրը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել սպասվող գագաթնաժողովի վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ