Վանաձորի պետական համալսարան ռեկտոր Ռուստամ Սահակյանը (լուսանկարում), ըստ համալսարանի աշխատակիցների, հայտարարել է, որ բուհի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնին պրոֆեսոր անհրաժեշտ չէ, եւ սա այն դեպքում, որ եթե ամբիոնը պրոֆեսոր չունենա, չի կարող մասնագիտական թեմաներ հաստատել, հայցորդ ունենալ: Aravot.am-ի հարցը լսելուց հետո ռեկտորը չցանկացավ պատասխանել` պատճառաբանելով զբաղվածությունը:
Aravot.am-ը Վանաձորի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանի հետ եւս կապվեց, խնդրեցինք մեկնաբանել համալսարանի վերջին զարգացումները, հարցրինք` գրականության ամբիոնը կարո՞ղ է չունենալ պրոֆեսոր:
«Անկեղծ ասած, եթե վերջին զարգացումներ եք ասում, պետք է հաշվի առնեք վերջին մեկ տարվա զարգացումները, որովհետեւ արդեն մեկ տարի է, ինչ ռեկտոր Ռուստամ Սահակյանն աչքի է ընկնում իր տնայնագործությամբ, ինչ ուզում անում է` առանց հաշվի առնելու օրենք, կարգ ու կանոնակարգ: Մենք բազմիցս ահազանգել ենք այդ մասին, ԶԼՄ-ներում են բազմաթիվ հրապարակումներ եղել, նախարարության կողմից ոչ մի արձագանք չի եղել, սակայն իրավապահ մարմիններին անձամբ ես եմ դիմել, եւ հարուցվել է քրեական գործ: Կարծում եմ, որ սայլը վերջապես տեղից կշարժվի»,-ասաց Վանաձորի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտը:
«Ինչ վերաբերում է Ռուստամ Սահակյանի, այսպես ասած, բարեփոխումներին, ասեմ միայն, որ Վանաձորի պետական համալսարանում կա արվեստի եւ սպորտի ամբիոն, եւ ինքն ասում է, որ դա շատ նորմալ է, այ, դա է իր արժեհամակարգը: Իմ տպավորությամբ, Ռուստամ Սահակյանն ընդհանրապես գաղափար չունի բուհական, ակադեմիական միջավայրի մասին, որովհետեւ նրա համար պրոֆեսոր եւ դասախոս նույն արժեքն ունեն, ինքը նույն նժարի վրա կարող է դնել եւ պրոֆեսորին, եւ դասախոսին:
Կարդացեք նաև
Եթե գրականության ամբիոնում կա պրոֆեսոր, մենք պետք է դրանով ուրախանանք, որովհետեւ պրոֆեսորը մեծ կշիռ է տալիս, թե արտաքին կարծիքների առումով, որ մեզ ուղարկում են բուհերից` պաշտպանությունների համար, թե մասնագիտական որակավորման քննությունների, թե թեման հաստատելու առումով, այսինքն` պրոֆեսորի ներկայությունն ամբիոնն ուժեղացնում է: Բայց տպավորությունն այն է, որ այդ մարդը չի ուզում իր շուրջ տեսնել ոչ մի պրոֆեսորի, եւ ըստ որոշ ասեկոսների, որոնք ինքը հերքեց, անցյալ տարի, երբ նոր էր ընտրվել ռեկտոր, ասել էր, թե բոլոր պրոֆեսորների «հախից կգա»: Ինքը չնայած դա հերքեց, բայց իր վերջին քայլերը հենց դա են մատնանշում:
Ես պետք է նշեմ, որ Ռուստամ Սահակյանը երկու ձեռքբներում ունի, առաջինն այն է, որ իր աշխատավարձն է բուհում բարձրացրել եւ գտել է մի սաունա, որը չէր աշխատում եւ նախատեսված էր ֆիզկուլտուրայի եւ սպորտի ֆակուլտետի ուսանողների համար, ու մեծ աղմուկ էր բարձրացրել: Մյուս դեպքերում, օրինակ, երբ դիմում են իրեն, որ դիմումին, զեկուցագրին պատասխանի, ասում է` ես կարող եմ չպատասխանել»:
Հիշեցնենք, որ ռեկտորը հայտնի է նաեւ կանոնադրության և կանոնակարգերի խախտմամբ ամբիոններ միավորելով, ինչը նույնպես մեծ դժգոհություն էր առաջացրել համալսարանում :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ