«Անդրադառնամ այն գործընկերներին, որոնք մեզ հորդորում էին կարծիք արտահայտել վերջին օրերին հանրությանն ալեկոծած այդ դեպքի վերաբերյալ։ Իշխանական թիմը ոչ թե պետք է դատապարտող կարծիք արտահայտի, այլ քայլեր ձեռնարկի։ Հանրային դատապարտման գործառույթը հիմնականում ընդդիմությանն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով պատերազմում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման փաստին։
Լուսինե Բադալյանը նշեց․ «Ինչ վերաբերում է արտահայտություններին, թե մենք շատ հանգիստ էինք հետեւում այս ամենին, ասեմ, որ վերջին մի քանի օրերը խմբակցությունում առավել քան թեժ էին, եւ որեւէ նորմալ մարդ չէր կարող հանգիստ լինել եւ չդատապարտել։ Եթե պարզվի, որ տեխնիկական պատճառով՝ մի քանի ժամվա ընթացքում է եղել այդ իրավիճակը, որի լուսանկարները հայտնվեցին համացանցում, միեւնույնն է, պնդում ենք, որ դա անընդունելի է, իսկ մեղավորները պետք է պատժվեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ