«Գնաճի արտաքինից եկող ալիքները չեն դադարում. մենք տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել, որը կազդի նաեւ Հայաստանի շուկաների վրա»,-այսօր Կենտրոնական բանկում կազմակերպված ասուլիսում ասաց ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը:
«Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենալ, եւ, եթե այս տարի մեզ չհաջողվի մեր թիրախին հասնել, գնաճի տեսանկյունից մյուս տարի հասնելու ենք մեր թիրախին»,-ասաց պարոն Գալստյանը:
Հարցին՝ տարվա ընթացքում տնտեսական ինչպիսի՞ աճ կարող ենք ակնկալել, Մարտին Գալստյանը պատասխանեց, որ նախնական գնահատականներով՝ տարեկան աճը 2 տոկոսից 1,4 տոկոս էին իջեցրել, սակայն կարծում են, որ տնտեսական աճն ավելի բարձր է լինելու: Թե ինչի հաշվին, ԿԲ նախագահն ասաց՝ ծառայությունների ոլորտն իրեն լավ է դրսեւորում, տրանսֆերտներն են ավելի շատ գալիս եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով:
ԿԲ ղեկավարից նաեւ հետաքրքրվեցին՝ եկամտահարկի վերադարձի հարցը վերանայելու ֆինանսների նախարարության մտադրություններն ինչպե՞ս կանդրադառնան վարկավորման պորտֆելի վրա… Ի պատասխան Մարտին Գալստյանն ասաց, որ քանի դեռ չկա փաստաթուղթը, ոչինչ ասել չեն կարող. «Պետք է ինչ-որ փաստաթուղթ լինի, որպեսզի տեսնեն եւ դրա տրամաբանության վրա կառուցենք մեր դատողությունները: Եվ քանի դեռ չկա այդպիսի փաստաթուղթ՝ չենք կարող կարծիք հայտնել»:
Կարդացեք նաև
Հարցին նաեւ՝ դոլար-դրամ փոխհարաբերությունն ինչպե՞ս է ազդել տնտեսության վրա, ԿԲ ղեկավարը պատասխանեց, որ տարօրինակ ազդեցություն չի եղել. «Եթե փոխարժեքն արժեվորվել է, ավելի լավ է եղել ներմուծողների համար, ավելի վատ է եղել արտահանողների համար, եթե հակառակը, ապա՝ հակառակը: Այդտեղ էական փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք գնաճին ենք նայում, մեզ համար կարեւոր ինդիկատորը գնաճն է»:
Թե ինչով է պայմանավորված ներդրումների կտրուկ անկումը, Մարտին Գալստյանի կարծիքով՝ անորոշություններով. «Այդ բոլոր լուրերը, որոնք որ այսօր Հայաստանում կան՝ մարդուն, որը նստած է Բահրեյնում, ԱՄՆ-ում կամ Ղազախստանում հարմարավետություն չի տալիս՝ Հայաստանի բանկային համակարգ գումարներ բերելու տեսանկյունից, որովհետեւ անորոշությունները չափազանց մեծ են»:
ԿԲ ղեկավարն ասաց, որ հնարավոր է վարկերի տոկոսադրույքների փոփոխություն լինի ռիսկերով պայմանավորված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ