Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի,Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի։
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու և մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել։
Այն ենթադրում է․
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային հատուկ 9 երթուղի։
Ըստ երթուղիների արգելոց մուտքի քվոտավորում, հստակ սահմանափակումների ամրագրում,
Կարդացեք նաև
էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում,
էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում և անցկացում,
բնության հատուկ պահպանվող տարածքների մարքեթինգային բաղադրիչի մշակում՝ տպագրական նյութեր, արգելոցի գիտական պոտենցիալի բացահայտմանը միտված թիրախավորված մեդիաարշավներ,
վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառում ՝ EsyPay վճարային տերմինալի միջոցով,
հատուկ վերապատրաստում անցած անձնակազմ, արշավների ընթացքում էկո-տեսուչների ուղեկցության ծառայություն։
Բնության հատուկ պահպանվող տարածքներ մարդկանց ապօրինի մուտքը բացառելու և հոսքը կառավարելի դարձնելու նպատակով արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի է լինելու։ Վճարել հնարավոր է վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառմամբ կամ տերմինալի միջոցով։ Նախքան «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը, նախարարի պաշտոնակատարը լրագրողներին է ներկայացրել, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով։
«Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել Շրջակա միջավայրի նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո ներկայացվում են երթուղիներ, որոնցից պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորներն այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն նախարարություն, որտեղ կան հստակ սահմանափակումներ։ Վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ բացառելու մարդածին ցանկացած ազդեցություն, ինչպես նաև ստվերային շրջանառությանը և կոռուպցիոն գործունեությանը հնարավորություն չթողնելու համար։ Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը և պետական արգելոցի սեփական կարողությունների հզորացմանը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Արգելոցի այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, ապա էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի քայլարշավը։
Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ մարդկային գործոնի ազդեցությունն արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։ Տուրօպերատորների ներկայացրած ոչ բոլոր հայտերն են ստանալու մուտքի թույլտվություն, պետք է ըմբռնումով մոտենալ:
«Շուտով այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ»։
Լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվել է Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։
Շրջակա միջավայրի նախարարություն