Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախագիծը

Հունիս 03,2021 17:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։

Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ԿԿՏՀ-ն, փաստահեն քաղաքականության մշակման և իրականացման անընդհատ զարգացող և թարմացվող կարևոր գործիք է։ Այն հնարավորություն է տալիս կրթության ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել` կարևորելով հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ կառույցները, կազմակերպություններն ու հետաքրքրված քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 17-ը:

Անհատական տվյալների պաշտպանությունը ԿԿՏ համակարգում
Նախագծով սահմանվում է, որ ԿԿՏՀ–ում կընդգրկվեն ՀՀ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։ Անձնական տվյալները ԿԿՏՀ համակարգում հավաքագրվում, մշակվում և պահվում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
Ողջ տեղեկատվությունը պահվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու ընթացակարգը սահմանվում է օրենսդրությամբ: ԿԿՏՀ վարումն իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։

Տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացնում են ուսումնական հաստատությունները` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ անհրաժեշտության՝ մուտքագրված տվյալների մեջ փոփոխությունը կատարվում է 5-օրյա ժամկետում:

Որպես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մասնակից՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին ողջ տեղեկատվությանը։ Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու և Երևանի քաղաքապետարանը ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը:

Պետական կառավարման մարմինները տեղեկատվություն ստանում են՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։

ԿԿՏ համակարգի կառուցվածքը
ԿԿՏ համակարգի կառուցվածքում ներառված են նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգերը։

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը կատարվում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և դրանք էլեկտրոնային միասնական համակարգում հրապարակելու միջոցով:

Կրթության ոլորտի թվայնացում
Վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման և մի շարք այլ գործընթացներ` մասնակի և ամբողջական բաղադրիչներով: Այժմ ընթացքի մեջ է ավարտական վկայականների` ատեստատների տրամադրման գործընթացի թվայնացումը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930