«Առաջարկում ենք ԿԸՀ-ին մեկ անգամ ևս ուսումնասիրել ընտրական ցուցակները և արդյունքում դիմել ՀՀ նախագահին, որ դադարեցնի ընտրությունները»,-մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նա, դիմելով ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, նրանց ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե ԿԸՀ-ն ընտրելու իրավունք ունեցողների ինչ թիվ է հրապարակել: Այս առիթով պարզաբանեց. «ՀՀ-ում կանանց ապրելու միջին տարիքը 78 տարեկանն է, տղամարդկանցը՝ 71.5: ԿԸՀ-ն հայտարարում է, որ կա երկու միլիոն հինգ հարյուր ութսուն հազար ընտրող: Շատ պարզ թվաբանություն է: Ստացվում է, որ ՀՀ-ում ապրում է 3 միլիոն երեք հարյուր հիսուն մարդ: Ես այդ թվին չեմ հավատում և նշված կրկեսին չեմ ցանկանում մասնակցել հենց սկզբից պարտվողի կարգավիճակում»:
Ըստ Երվանդ Թարվերդյանի՝ անհրաժեշտ է կասեցնել ընտրությունները, նորից ուսումնասիրել ընտրական ցուցակները, հետո խոսել ընտրությունների մասին:
Նրա համոզմամբ՝ ընտրությունների կազմակերպումը վտանգի տակ է դնում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգությունը, այդ գործընթացը պառակտում է ժողովրդին:
Կարդացեք նաև
Երվանդ Թարվերդյանը չբացառեց, որ կարող են ընտրությունների ընթացքում և հետընտրական փուլում անգամ լինել քաղաքացիական բախումներ. «Այսօր մեր պետությունը չունի բավարար ռեսուրս ընտրություններ կազմակերպելու համար: Չունենք առողջապահության նախարար, ՊՆ նախարար, մայիսի 12-ից մեր տարածքում գտնվում են թշնամու զինվորները, մենք՝ որպես պետություն արդյոք ի վիճակի՞ ենք ապահովել մարդկանց անվտանգությունը: Եթե Երևանի կենտրոնում քաղաքացու են գնդակահարում, ապա մեր պետությունն ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ