Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կցանկանայի մեր երկու երկրների միջև շատ ավելի խոր և ընդգրկուն համագործակցություն տեսնել. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Հունիս 03,2021 16:50

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի, քանի որ հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության համար: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,-ասել է Ղազախստանի նախագահը: -Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին:

Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ, այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար Ղազախստան այցը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին: Ինչպես նշեցիք՝ մեր ժողովուրդները, իսկ վերջին տարիներին նաև՝ պետություններն ունեն խոր և դեպի հեռավոր անցյալը գնացող հարաբերություններ:

Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ…Կցանկանայի, համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները խոսել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով: Քննարկումների առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930