Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբախանյանը մեր լավագույն տնօրեններից էր». Մարզպետարանի վարչության պետը ազատված տնօրենի մասին

Հունիս 03,2021 16:29

Aravot.am-ը Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանից մեկնաբանություն խնդրեց Արարատի մարզի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Բաբախանյանի խնդրի վերաբերյալ, որին մարզպետարանից պահանջել էին տնօրենի պաշտոնից ազատման դիմում գրել` ֆեյսբուքի իր էջում իշխանության եւ վարչապետի հասցեին գրառումներ կատարելու համար: Ըստ Բաբախանյանի, հիմա էլ փորձում են իրեն զրկել նաեւ դասավանդելու հնարավորությունից, այն դեպքում, երբ ինքը շուրջ 20 տարվա փորձառություն ունեցող կենսաբանության ուսուցիչ է:

«Որքանով ես տեղյակ եմ, դպրոցի նախկին տնօրեն Տիգրան Բաբախանյանը ազատվել է աշխատանքից անձնական դիմումի համաձայն` առանց լրացուցիչ մեկնաբանությունների, չի ասել, թե ինչու է դիմում գրել: Դիմում գրելուց հետո ոչ մի անգամ չի բողոքարկել; Իսկ ներկայիս պնդումներից ես տեղյակ չեմ»,-ասաց Հասմիկ Գասպարյանը:

Տիգրան Բաբախանյան

Հավելեց, որ ցանկացած պահի Տիգրան Բաբախանյանը կարող է գալ մարզպետարան. «Մենք կարող ենք իր հետ զրուցել ցանկացած պահի, երբ գա…Նորից եմ շեշտում, դիմումից հետո ոչ մի առարկություն ու ոչ մի խոսակցություն չի եղել»:

Հարցրինք` իսկապե՞ս մարզպետարանը գրաքննության է ենթարկում կրթության, մշակույթի ոլորտի աշխատակիցների սոցցանցային գրառումները, որ հանկարծ իշխանությունների հասցեին քննադատական որեւէ խոսք չհնչի: «Ես մարզպետարանի կողմից չեմ կարող ասել, բայց մեր վարչությունը` ոչ… Համ էլ մարզպետարանը ժամանակ ունի՞, որ զբաղվի գրաքննությամբ, ամեն մեկն իր գործին է»,-ասաց Հասմիկ Գասպարյանը:

Ինչ վերաբերվում է նախկին տնօրենի այն պնդմանը, որ իրեն փորձում են զրկել անգամ դասավանդելու հնարավորությունից, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը պատասխանեց. «Նման խոսակցություն չի եղել, երբեւէ հարց է եղել, որ ժամերը քիչ են, կարող է գնալ կամ ինչ-որ մի բան: Ցավոք, ավելին չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ, մեկ ամսից ավելի բացակայել եմ հիվանդության պատճառով… Նաեւ ափսոսում եմ, որովհետեւ Բաբախանյանը մեր լավագույն տնօրեններից էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930