Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի ու պատերազմի հետ կապված անորոշությունների պատճառով ավանդների արտահոսք է եղել

Հունիս 03,2021 16:07

Կենտրոնական բանկում ապոկալիպտիկ սցենար են մշակել. եթե համավարակի նոր փուլ լինի, գնանք լոքդաունի եւ տնտեսությունը կրկին փակվի, ապա. 2021-ին տնտեսական անկումը կլինի -14 տոկոս՝ անցյալ տարվա -7,4-ի համեմատությամբ: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հրավիրած ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Ըստ նրա, 2020 թվականը չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, այն գործել է համավարակով ու պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: ԿԲ նախագահ նախագահի խոսքով, բայց համակարգն ապահովել է միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը. «Այսինքն՝ համակարգը կապիտալիզացված էր եւ իրացվելի: Մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թիվը»:

Ըստ ԿԲ նախագահի, չնայած վարկերը մարելու դժվարություններին, վատորակ ակտիվների տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի մեջ 7 տոկոսի շրջանակներում է: Անցյալ տարի ավանդների նվազում էլ է եղել: Ավանդների արտահոսքը բանկերից եղել է անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մարտին Գալստյանի խոսքով, արտահոսքին նպաստել են համավարակի եւ ռազմական դրության հետ կապված տնտեսական անորոշությունները: Սակայն այս տարվա մայիսից ավանդների մակարդակը վերականգնվել է:

Նախորդ տարեսկզբի համեմատությամբ վարկերի աճ է արձանագրվել: Մարտին Գալստյանի տվյալներով, վարկային պորտֆելում մեծ տոկոսը բիզնես վարկերն են՝ 66,7 տոկոս, ապա հիփոթեքային վարկերը՝ 23,7 տոկոս, գյուղատնտեսական վարկերը 7,1 տոկոս են կազմում, սպառողականը՝ 2,5: Բայց նվազել են արտարժութային վարկերը:

ԿԲ նախագահն ասաց, որ բիզնես վարկերի աճին էապես նպաստել են կառավարության կողմից իրականացրած հակաճգնաժամային ծրագրերը: Ասաց նաեւ, որ սթրես թեսթերը ցույց են տալիս, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը բարձր է մնում պահանջվող նվազագույն 12 տոկոս մակարդակից:

Ասաց նաեւ, որ «տնտեսությունը սկսել է շնչել», բայց թե մարդիկ կգնա՞ն ռիսկի, ներդրումներ կանեն եւ բիզնես նախագծեր կիրականացնեն, դժվար է ասել:

«Գուցե մարդիկ ակնկալում են, որ պետությունը պետք է նախորդ տարի իրականացրած տնտեսական աջակցության ծրագրերը շարունակի, որոնք բավական դրական ազդեցություն ունեցան տնտեսության զարգացման համար: Մենք տեսնում ենք, որ մարդկանց մոտ հետաձգված սպառման արդյունք կա: Այսինքն՝ եթե մարդիկ նախընտրում էին լվացքի մեքենա կամ հեռուստացույց ձեռք բերեն, կամ՝ փոխեին, չանեն՝ մինչեւ եկամուտները վերականգնվի նոր անեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930