Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեք, երեւի անսովոր է ներողություն խնդրելը, այո, ոչ մի պաշտոնական անձինք երեւի նման մշակույթ չեն ունեցել». Անահիտ Ավանեսյանը՝ իր մեղավորության մասին

Հունիս 03,2021 15:44

Հանրությունը պարզապես ցնցվեց՝ տեսնելով, թե ինչ վիճակում են մեր հերոսների մարմինները, միայն ներողությունը բավարա՞ր է՝ այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Այո, ես ներողություն եմ խնդրել եւ դրանից հետո որոշակի գործողություն է իրականացվել, միայն ներողությունը չի: Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշ մարդիկ ստացել են խիստ նկատողություն եւ հարուցվել է քրեական գործ: Քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները եւ օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն պատասխանատվություն»:

Զարմանքին՝ այսինքն, էլի կուժն ու կուլան ջարդվում է ներքեւի օղակների վրա՞, թիվ մեկ պատասխանատուն դուք եք, ձեզ մեղավոր չե՞ք համարում՝ Ավանեսյանը պատասխանեց. «Միանշանակ, ես, որպես քաղաքական պատասխանատու, միանգամից արձագանքել եմ: Նորից եմ կրկնում, այո՛, ներողություն եմ խնդրել եւ ասել եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են տվյալ կոնկրետ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն: Ընթանում է քննություն»:

Հարցին՝ քաղաքակիրթ երկրներում, երբ որեւէ քաղաքապետ, օրինակ, ծառայողական մեքենան շաբաթ-կիրակի օգտագործում է, նա անմիջապես հրաժարական է տալիս, հիմա այս իրավիճակում դուք չե՞ք պատրաստվում հրաժարական տալ՝ Ավանեսյանը պատասխանեց. «Գիտեք, երեւի անսովոր է ներողություն խնդրելը, այո, ոչ մի պաշտոնական անձինք երեւի նման մշակույթ չեն ունեցել: Ես, այո, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին, բայց մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ անձի շրջանակներում: Ընդհանրապես որեւէ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա՞»:

Հարցին՝ եթե ձեր բացթողումն է, ինչո՞ւ է ուրիշը պատասխան տալիս ու քանի՞ օր են դիերը այդ վիճակում եղել, դիահերձարանի 2 աշխատակիցներ ազատվեցին, միայն նրա՞նք են մեղավոր եղել, բարձր օղակներում պատասխանատուներ չկա՞ն՝ Ավանեսյանը նույն պատասխանը տվեց՝ ընթանում է քննություն. «Իմ բացթողումն այն է, որ խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել»: Լրագրողները հիշեցրին, որ խնդիրը ինքը չի էլ վեր հանել, դա արել են ԶԼՄ-ները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Տիկին, այսպիսի մեծ մեղքից հետո գլուխ գովել, թե ներողություն խնդրող առաջին պաշտոնյան ես, բարոյական չէ, անհրաժեշտ է հրաժարական ներկայացնել, միաժամանակ, աշխատանքից ազատելով Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին, որովհետև երկուսդ էլ անտարբեր, դանդաղաշարժ, անպատասխանատու և փնթի ձևով եք կազմակերպել մեր նահատատակված հերոսների աճյունների պահպանության, նույնականացման և հարազատներին հանձնելու չափազանց կարևոր աշխատանքները: Այդ աշխատանքները դեռ շարունակվում են և այսքանից հետո մտածում եք, որ հանրությունը ձեզ կվստահի՞: Կառչել եք պաշտոններից և չեք ամաչում, երբ վշտի մեջ գտնվող մարդկանց մանկամիտ բացատրություններ եք տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930