«Երբ ԿԸՀ-ն կորոշի, թե քանի հոգի իրավունք ունի ընտրելու՝ նոր կանցնենք ընտրությունների: Նման կրկեսի մենք սկզբունքորեն չենք մասնակցելու»,- հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նա հայտնեց՝ կուսակցությունն իր գործունեությունը շարունակում է, «Միացյալ Հայաստան» քաղաքական դաշինքը՝ ևս: Այնուհետև մանրամասնեց. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Լինելով ամենասկզբունքային գործիչներից մեկը՝ նման կրկեսի չեմ մասնակցելու: Մենք գրավի գումարը վճարել ենք, բայց սկզբունքային որոշում է կայացվել, որ այս ընտրությունները վտանգավոր են համայն հայության համար: Քաղաքական դաշինքն այսօր էլ իրականացնում է աշխատանքներ. տարածաշրջանային գրասենյակները գործում են Աբովյանում, Գյումրիում, Ապարանում: ԱԺ-ի խեղկատակ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ մեր քաղաքական ուժը դուրս է գալիս քաղաքականությունից: Ընդհակառակը, ավելանում է մեր ակտիվը»:
Հարցին՝ իսկ ո՞ր ուժին են սատարելու ընտրություններին, նա պատասխանեց. «Մենք ոչ մեկի չենք սատարելու: Միգուցե հանրությանը խնդրենք, որ բոյկոտեն այս կրկեսը»:
Նա, անդրադառնալով այն փաստին, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը չեն գրանցել, ասաց. «Արդարադատության նախարարը չցանկացավ գրանցել «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, սակայն մի շարք կուսակցություններ իմ կարծիքով՝ ոչ իրավական հիմքով գրանցվեցին: Ցանկանում եմ, որպեսզի հայտնի դառնան արդյոք նախարարն ուսումնասիրե՞լ է մի շարք կուսակցություններ, որոնք հինգ-վեց օրում գրանցվեցին, արդյոք բավարար հիմքեր կա՞ն այդ կուսակցությունները գրանցելու: Մենք տեսել ենք, որ տեսանկարահանումների ընթացքում համագումարներին մասնակցում են 100-150 մարդ, ինչպե՞ս է 300 անհրաժեշտ մասնակիցների պայմանը չբավարարած կուսակցությունը կատարել համագումար: Ինչպե՞ս է եղել, կուսակցությունը, որն «Ազդարարում» հայտարարում է, որ Մարիոթում հիմնադիր համագումար է տեղի ունենալու, սակայն նման համագումար տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ