Այսօր կառավարության նիստին արտաքին գործերի նախարարությունից որեւէ մեկը չի մասնակցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատասխանելով հարցին ՝ ԱԳՆ-ից որեւէ փոխնախարար ներկա՞ էր նիստին, ասաց․ «Ոնց որ մարդ չկար»։
Թե ԱԳ նախկին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը պետական շահին դեմ ինչ նախաձեռնությունների մասին էր ակնարկում իր, այսպես ասած՝ հրաժարականի տեքստում, պարոն Դումանյանը չգիտի, նա լրագրողներին հորդորեց իր ոլորտից հարցեր տալ։
Լրագրողները շարունակեցին ԱԳՆ-ից հարցեր տալ եւ նշել՝ նախարարը քաղաքական թիմի անդամ է եւ պատասխանատվություն է կիսում։
«Քաղաքական պատասխանատվություն կիսելուց որեւէ մեկը չի խուսափում, ուղղակի պետք չէ դա շահարկել․․․Ի սեր աստծու, Արա Այվազյանի հետ հեսա կապվեմ, խնդրեմ ձեզ հարցազրույց տա, թողեք ինձ հանգիստ։ Ես Արա Այվազյանի խոսնակը չեմ։ Ինձ մոտ էլ հարցեր կան, փորձում եմ կոմունիկացվել, պարզել։ Հենց պարզեմ՝ ձեզ կասեմ»։
Կարդացեք նաև
Պատասխանատվություն կիսելու մասին հարցին ի պատասխան էլ պարոն Դումանյան ասաց․ «Հետո ի՞նչ այս կառավարության անդամ եմ, ես պատասխանատվություն եմ կրում չիմանալու համար»։
Հարցին՝ արդյոք կառավարության նիստում պարզաբանում կամ բացատրություն հնչե՞լ է, թե ինչու ԱԳՆ-ից որեւէ մեկը ներկա չի եղել նիստին, Վահրամ Դումանյանը պատասխանեց․«Ոչ, ոչ, ոչ, բացարձակապես ոչ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ