Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի ցուցակի ամենաբարձր տեղում Սուրեն Պապիկյանն է, որը ձախողել է ամենակարեւոր գործը». Բորիս Նավասարդյան

Հունիս 03,2021 15:14

«Ինչպես եւ նախկինում, ես հիմա էլ չեմ տեսել պաշտոնյաների աշխատանքից ազատելու հետ կապված բացատրություններ, նշանակումներին առանձնապես չեմ անդրադառնում, որովհետեւ եւ նախկինում, եւ այժմ նշանակումները հիմնականում եղել են ոչ թե պրոֆեսիոնալ չափանիշների հիման վրա, այլ քաղաքական թիմի անդամ լինելու, հավատարմության, լոյալության սկզբունքներով»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ո՞ր արժանիքների համար են նշանակվում պաշտոնի և ի՞նչ պատճառով են պաշտոնանկ արվում. հասարակությունն անտեղյակ է» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով, պետք է լուրջ բարեփոխումներ արվեն, որպեսզի ունենանք իսկապես մերիտոկրատական նշանակումներ. «Ինչ վերաբերում է ազատմանը, երեւի դրանից էլ բխում է նաեւ ազատվելու հետ կապված ոչ թափանցիկ մոտեցումը, որովհետեւ եթե իրենց մարդկանց նշանակում են, եւ նրանք բացահայտ դեմ դուրս չեն գալիս համակարգին` դժվար թե բացատրություն տրվի հասարակությանը, թե ինչու այսինչին հանեցին, իսկ այնինչին` ոչ: Որպես կանոն դա նույնպես մնում է անհասկանալի եւ անհայտ, տեղիք տալիս բազմաթիվ ասեկոսեների, ենթադրությունների, եւ այս պրակտիկան այսպես էլ շարունակվում է»:

Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ ԶԼՄ-ները պետք է համառ գտնվեն եւ այդ հարցերի առումով թափանցիկության մշակույթ բերեն, ու մերիտոկրատական` արժանիքների վրա հիմնված համակարգ ներդրվի:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին եւ այդ առիթով արած նրա հայտարարությանը, նաեւ այն հարցին, թե ինչու հասարակությանը պարզ եւ առանց ռեբուսների չի ներկայացվում իրականությունը, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ավելի բաց բացատրություն ակնկալելը միամտություն կլիներ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ Արտաքին գործերի նախարարի նման պաշտոնյան չի կարող անել հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը, եւ ավելի մանրամասն ներկայացնել հրաժարականի պատճառը, ինչն իրոք կարող է վտանգավոր լինել պետականության համար: Այնպես որ, այն, ինչ հնչել է, արդեն բավականին շատ է:

Ես ոչ այնքան հրաժարականների հիմնավորման խնդիրն եմ տեսնում այս ամենի մեջ, այլ առաջին հերթին այն, ինչի մասին շատերն են խոսում: Դա երկրի կառավարելիության եւ կառավարման արդյունավետության խնդիրն է: Այստեղ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ կառավարության ներսում, կառավարության ղեկավարի եւ այլ պաշտոնյաների հարաբերություններում կան շատ լուրջ եւ ճգնաժամային երեւույթներ, ակնհայտորեն չկա անհրաժեշտ հաղորդակցություն, չկա աշխատանքների համակարգում, ինչն էլ բերում է նրան, որ կարող են ձեւավորվել հակասություններ, եթե այս կամ այն պաշտոնյան սկզբունքային է եւ պատկերացնում է իր առաքելությունը»:

Բորիս Նավասարդյանի ձեւակերպմամբ, երկրորդ խնդիրը ոչ թե հրաժարականների պատճառաբանումն է, այլ այն, թե ինչու են մնում, եւ ինչպես են գնահատվում կառավարության այն անդամները, որոնք մինչեւ այսօր աշխատում են.

«Այստեղ եւս շատ լուրջ խնդիրներ եմ տեսնում, որովհետեւ եթե վերլուծենք «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը եւ տեսնենք, թե որ կառավարության անդամը որ տեղում է գտնվում, ապա պարզ է դառնում, որ բարձր տեղում գտնվելը նշանակում է բարձր գնահատական տվյալ անձի գործունեությանը տվյալ պաշտոնում:

Նախարարներից ամենաբարձր տեղում Սուրեն Պապիկյանն է, մինչդեռ, եթե իմ տեսակետից գնահատեմ նրա աշխատանքը, ապա համարում եմ, որ ինքը ձախողել է իր ամենակարեւոր գործը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները: Մենք ոչ թե չունենք բարեփոխումներ այս տարիների ընթացքում, այլ ունենք ակնհայտ հետընթաց, եթե չասենք` տեղական ինքնակառավարման մահ, ավարտ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930