Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցողիկ են լինելու, ցավոք ՔՊ-ն, անցողիկ է լինելու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ դաշինքը ու նաեւ ԲՀԿ-ն». Թագուհի Թովմասյան

Հունիս 03,2021 15:06
pashtonya

Դուք ասում էիք, որ լրագրողական գործունեության ժամանակ քննադատել եք նախորդ իշխանություններին, Սերժ Սարգսյանին, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մտնել «Պատիվ ունեմ» դաշինք, որտեղ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի ուժն է: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Նա պատասխանեց. «Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին, որը շատ տրամաբանական է՝ մենք միասին եղել ենք հեղափոխական թիմում: Միասին շատ արժեքների կրող ենք, եղել ենք պայքարի միջով անցած մարդիկ, ովքեր ուզել էին երկրում որեւէ բան փոխվի: Մենք չէինք կարող այլ բան անել, քան միասին շարունակել աշխատանքը: Իսկ ՀՀԿ-ի հետ դաշինք ստեղծելու գաղափարը քննարկվել է ավելի վերեւի օղակում, ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշվել է միասին գնալ, հաշվի առնելով նրանց՝ ազգային գաղափարախոսություն կրելը, սկսած կուսակցական գաղափարախոսությունից եւ արժեհամակարգային մոտեցումները, որոնք կան այդ կուսակցության ներկայացուցիչների մեջ»:

Թովմասյանն ասաց, որ այն քննադատությունները, որոնք ինքն արել է ՀՀԿ-ի հասցեին, այնքան փոքրիկ էին, այնքան մեղմ ու ոչինչ չասող էին այն արհավիրքի դիմաց, որի առջեւ այսօր կանգնած ենք մենք. «Դուք կպատկերացնեի՞ք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարեր, որ ինքը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ գնալ դաշինքով: Վատ երազում կպատկերացնեի՞ք այսպիսի բան: Բայց եկավ այդ օրը»:

Թովմասյանը նաեւ նշեց, որ այսօր իսկապես խնդիր կա մեր մեջքն ուղղելու ու պիտի կարողանան հասնել նրան, որ այսօրվա սահմանները գոնե պահեն. «Այո՛, քննադատել եմ, այո՛, քննադատելու եմ ցանկացած բան որեւէ իշխանության ժամանակ, որն ինձ դուր չգա ու դեմ լինի իմ սկզբունքներին: ՔՊ-ում լինելով էլ՝ ես միշտ խոսել եմ այն մասին, ինչ տեսել եմ ու ինչը անհանգստացրել է: Առաջիկայում էլ եմ այդպես վարվելու»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, որովհետեւ հարցումներով կարծես շատ մարդիկ դեռեւս հակված են ՔՊ-ին ընտրել՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ինչքան ես հասցնում եմ մոնիտորինգ իրականացնել, հիմա հասարակությունը հիմնականում մի քանի ուժի մեջ է ընտրություն կատարելու: 27 ուժեր, որ ներկայացված են, բնականաբար, շատ քիչ ուժեր են խորհրդարանում ներկայացված լինելու: Անցողիկ են լինելու, ցավոք սրտի, «Իմ քայլի» ցուցակը՝ ՔՊ-ն, անցողիկ է լինելու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ դաշինքը եւ իմ կանխատեսմամբ նաեւ ԲՀԿ-ն: «Լուսավոր Հայաստանի» մասով շատ կուզենամ, որ անցողիկ լինեն, բայց դրանցից ավել որեւէ քաղաքական ուժ ես իմ հանդիպումների ժամանակ չեմ տեսել, որ մեկը ուրիշ քաղաքական ուժի անուն տա»:

Թովմասյանն ասաց, որ շատ կուզենար, որ առաջին նախագահն իր թիմով ներկայացված լիներ խորհրդարանում ու էլի շատ ազգային ուժեր, որոնք իսկապես ազնիվ պայքարում են մեր երկրում այս զարգացումների համար: Բայց հիասթափությունը մեծ է ու մասնակցությունը դժվար թե շատ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930