Լրահոս
Օրվա լրահոսը

Գայլի ողջույնը. Գորշ գայլերը՝ Ավստրիայի ամենամեծ աջ ծայրահեղական խմբավորումներից մեկը

Հունիս 03,2021 15:02

DerStandard թերթի derStandard.at/Web բաժնի ղեկավար Մարկուս Զուլցբախերի (Markus Sulzbacher) «Գորշ գայլերը՝ Ավստրիայի ամենամեծ աջ ծայրահեղական խմբավորումներից մեկը» վերնագրով հոդվածը, 28.05.2021թ.

«Պատահական չէր, որ խմբի ակտիվիստները մասնակցում էին պաղեստինամետ ցույցերին: Մերձավոր Արևելքի հակամարտության վերջին սրացումը Վիեննայի փողոցներ հանեց հարյուրավոր մարդկանց: Բացի բազմաթիվ երիտասարդներից, իսլամիստական խմբերից, սալաֆիստների կողմնակիցներից, մայիսի 12-ին Վիեննայում տեղի ունեցած պաղեստինամետ ցույցին մասնակցել են նաև «Գորշ գայլեր» կազմակերպության շրջապատի ակտիվիստները: Նրանք ծածանում էին թուրքական դրոշներ և ցուցադրում էին «Գորշ գայլերի» ողջույնը՝ աջ ծայրահեղական խմբավորման արգելված ձեռքի ազդանշանը և հակասեմական և հակաիսրայելական կարգախոսներ էին հնչեցնում Վիեննայի Մարիահիլֆեր փողոցում:

Գորշ գայլերի այդտեղ հայտնվելը պատահականություն չէր, բացատրում է հրապարակախոս և քաղաքական գործիչ Թոմաս Ռամմերսթորֆերը: Դա տեղավորվում է խմբի աշխարհայացքի շրջանակներում, որին տիպիկ են դասական ազգայնական դավադրության տեսությունները՝ մասամբ հակահայկական, մասամբ հակասեմական: Անցած մի քանի տարիների ընթացքում ավելի ու ավելի պանիսլամական մտքեր են նկատվում: «Գաղափարների երկու աշխարհներն էլ սնուցում են հակաիսրայելական վերաբերմունք», – ասում է Ռամմսթորֆերը, որը գիրք է գրել «Գորշ գայլերի» մասին:

Ոչ թե միություններ, այլ աջ ծայրահեղական կուսակցությունների միջավայր

Ավստրիայում պաշտոնապես գոյություն չունի Միություն կամ «Գորշ գայլեր» կազմակերպություն: Աջ ծայրահեղական «Թուրքիայի ազգայնական շարժում» կուսակցության (MHP) շրջապատող միջավայրը, որը որպես կրտսեր գործընկեր, կոալիցիա է կազմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացում» կուսակցության (AKP) հետ, հիշատակվում է որպես «Գորշ գայլեր»: Ըստ Թ. Ռամմերսթորֆերի, երկու կողմերի միջև տարբերությունը հաճախ մեծ չէ: Վերջին տարիներին MHP-ն դարձել է «ավելի կրոնական, AKP-ն՝ ավելի ազգայնական, ինչը արտահայտվում է մասնավորապես քրդական ինքնավարության շարժման դեմ կոշտ վերաբերմունքով»:

Գայլի ողջույնը Մաութհաուզենում

Գաղափարապես, «Գորշ գայլերը» տարածում են էթնիկական ազգայնականություն, հետապնդում են Մեծ թուրքական կայսրության նպատակը և հիմնվում են ռասիզմի, սեքսիզմի, հոմոֆոբիայի, հակասեմիտիզմի, ավտորիտարիզմի, առաջնորդի պաշտամունքի և բռնության ընդունման վրա: Աշխարհայացք, որը գրեթե չի տարբերվում գերմանախոս աջ ծայրահեղականների պատկերացումներից: Ֆրանսիայում անցյալ տարի արգելեցին «Գորշ գայլերի» գործունեությունը՝ նշելով, որ այդ շարժումն ատելություն է առաջացնում և ներգրավված է բռնության գործողությունների մեջ:

Այդ կազմակերպության հետևորդներն իրենց անվանում են «Ülkücü», գերմաներեն՝ «իդեալականություն»: Նրանց խորհրդանիշը «գորշ գայլն» է (Բոզկուրտ), որը գալիս է հին թուրքական առասպելից և ենթադրաբար խորհրդանշում է շարժման ուժն ու ագրեսիվությունը, ինչպես հաստատել է Քաղաքացիական կրթության գերմանական դաշնային գործակալությունը: Այսպես կոչված գայլի ողջույնը (աջ ձգված թևի բութ մատն ու մյուս մատները գայլի գլուխն են ձևավորում) համարվում է տարբերակիչ նշան: 2018թ.-ից Ավստրիայում գայլերի ողջույնի ցուցադրումն արգելված է՝ այն բանից հետո, երբ այն ժամանակ Փիրուզագույն-կապույտ կառավարությունը հաստատեց «Նշանների մասին» օրենքի փոփոխությունը: Երկու տարի առաջ ավստրիական մամուլում հրապարակվեց մի լուսանկար, որը պատկերում էր, թե ինչպես է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում ի ցույց դրվել այդ ողջույնը: Մաութհաուզենի կոմիտեի ներկայացուցիչ Ուիլի Մերնին դատապարտել էր այդ լուսանկարը՝ այն անվանելով «ծաղր զոհերին»:

Բացի այդ, որպես խորհրդանիշ օգտագործվում են կարմիր ֆոնով «երեք կիսալուսնի սիմվոլը»: Այն ի սկզբանե գալիս է Օսմանյան կայսրությունից և մարմնավորում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երեք մայրցամաքները, որոնց վրա, օսմանցիները տարածել են իսլամը: Այդ սիմվոլիկան օգտագործում են նաև աջ ծայրահեղականները` ցույց տալով իրենց կապվածությունը Օսմանյան կայսրությանը: Թուրքական աջ ծայրահեղականության մեկնաբանության մեջ «երեք կիսալուսինները» խորհրդանշում են բոլոր թուրք ժողովուրդների թուրքական միասնությունը:

Ահաբեկչություն

Շարժման արմատները սկզբնավորվում են ֆաշիստական 1930-1940թթ.-ականներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Գորշ գայլերին» կամ նրանց նախորդող կազմակերպություններին լիովին աջակցում էր նացիստական Գերմանիան, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան գոնե չեզոք պահեն: «Գորշ գայլերի» անդամները նախկինում նույնպես կատարել են ահաբեկչական գործողություններ և սպանություններ՝ նաև Թուրքիայի սահմաններից դուրս: 1981թ.-ին, օրինակ, «Գորշ գայլեր»-ի անդամ Ալի Աչկան Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում կրակեց Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի վրա: 1980թ.-ին Բեռլին-Կրոյցբերգում ձախ քաղաքական գործիչ դանակահարվեց:

Ավստրիայում «Գորշ գայլերը» անցյալ ամռանը Վիեննա-Ֆավորիտենում քրդերի դեմ հարձակումների ժամանակ առաջին շարքերում էին, երբ քրդերը ցույց էին կազմակերպել կանանց նկատմամբ բռնության դեմ: Հետագայում հակաֆաշիստական բողոքի ցույցերը նույնպես հարձակման ենթարկվեցին նրանց կողմից, և բախումներ տեղի ունեցան: Դրանից առաջ էլ վերջին տարիներին և տասնամյակների ընթացքում բազմիցս բռնի բախումներ էին տեղի ունեցել «Գորշ գայլերի» կողմնակիցների մասնակցությամբ:

«Թուրքական ծագմամբ դեմոկրատներն ապրում են վախի և սպառնալիքի մշտական մթնոլորտում: Վիեննայի «Կանաչներ» կուսակցության քաղաքական գործիչ Բերիվան Ասլանի դեմ սպանության կոնկրետ ծրագրեր կային», – ասում է Ռամմսթորֆերը: «Միշտ էլ հարձակումներ լինում են, բայց ավելի մեծ խնդիր է թուրքական իշխանություններին դատապարտելը: Վերջին տարիների ընթացքում նման գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ ձերբակալվել են, երբ մուտք են գործել Թուրքիա, օրինակ՝ իրենց ընտանիքներին այցելելիս»:

Ֆուտբոլային մրցաշարեր և մանկական երեկույթներ

Ավստրիայում «Գորշ գայլերի» ներկայացուցիչների թիվը «ցածր քառանիշի տիրույթում է, չնայած կան անդամներ, որոնք իրականում ակտիվ չեն»,- բացատրում է գրքի հեղինակը: Սա նրանց դարձնում է երկրի ամենամեծ աջ ծայրահեղական խմբավորումներից մեկը: Ամենակարևոր հովանավոր կազմակերպությունը Ավստրիայում գործող Թուրքիայի ֆեդերացիան է (Avusturya Türk Federasyon, ATF), «MHP-ի տեսակի արտասահմանյան կազմակերպություն՝ շուրջ 20 միություններով»,-նշում է Ռամմսթորֆերը: Այն ունի մշակութային և սպորտային միություններ: «Ամեն ինչ արվում է սոցիալական համակեցության ոլորտում»,-բացատրում է Ռամմսթորֆերը` նկատի ունենալով ֆուտբոլային մրցաշարերը կամ մանկական երեկույթները:

Բացի այդ, կան «Մեծ միասնության կուսակցության» (BBP) անդամներ, որոնք MHP- ի մաս են, որն այս երկրում «ունի շուրջ հինգ միություն»: Այնպիսի կառույցներ, ինչպիսիք են բարերը և մզկիթները, կարելի է գտնել Վիեննայում, Ստորին Ավստրիայում, Վերին Ավստրիայում, Զալցբուրգում և Ֆորարլբերգում: Ավստրիայում գտնվող Թուրքիայի Դաշնությունից բարձր, գործում է Եվրոպական հովանավոր կազմակերպություն, որի նստավայրը Գերմանիայում է: Թուրքիան է կանգնած նրա ետևում: Կարևոր որոշումները կայացվում են Անկարայում կամ Ստամբուլում: Շատ քիչ թեմաներ գոյություն ունեն, որոնց հարցում Ավստրիայի մասնաճյուղը չպիտի նախապես թույլտվություն խնդրի Թուրքիայից:

Թուրքիայի դաշնությունը ներկայացված է նաև իսլամական հավատքի համայնքում (IGGÖ)՝ մահմեդական համայնքի պաշտոնական ներկայացուցչությունում: «Գորշ գայլերը» պրագմատիկ պատճառներով փորձեցին համագործակցության եզրեր գտնել SPÖ-ի հետ քաղաքային շրջաններում, ինչը, օրինակ, Լինցում ժամանակավորապես հաջող էր: Ըստ ավստրիական մամուլի տեղեկությունների, SPÖ-ն այժմ քննադատական դիրքորոշում է որդեգրել այդ հարցում:

«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կայացած ձեռնարկատերեր են»

Նրանց հասարակական գործունեությունը «բավականին անկում է ապրում, վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք բազմիցս բախվել են դժվարությունների, օրինակ՝ համերգային միջոցառումների կազմակերպման հարցում», – ասում է Ռամմսթորֆերը: Ֆինանսական և կազմակերպչական առումով, սակայն, կառույցները կարծես թե կայուն են: «Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կայացած ձեռներեցներ են, և կարող է ենթադրվել նաև աջակցություն Թուրքիայից: «Միությունների մեծ մասը և բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ինտերնետում ունեն հաշիվներ, որոնք, բացի միությունների գործունեության մասին տեղեկատվությունից, «տարածում են տարբեր քարոզչական նյութեր, մեմեր, տեսանյութեր, որոնք վերաբերում են գրեթե բացառապես թուրքական քաղաքականությանը և «Գորշ գայլերի» մասնակցությամբ տարատեսակ ռազմական «արկածներին», «օրինակ՝ Սիրիայում, Իրաքում և Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մեջ»:

Միություններից բացի, փորձագետը շեշտում է, որ կան նաև «երիտասարդական մշակույթներ, որոնք ավելի շատ ենթամշակութային ներշնչանք ունեն»: Նրանց համար «Գորշ գայլերը» նշանակում են երիտասարդական մշակույթ, որը մարմնավորում է առնականություն, ազգայնականություն և համերաշխություն: Երիտասարդները արմատական են դառնում նաև ինտերնետի և երիտասարդական բանդաների շնորհիվ:

Նրանց մարտական պահվածքը հատկապես հայտնի է արական սեռի դեռահասների շրջանում. նրանք «Գորշ գայլերին» ընկալում են որպես իրենց (փոփ) մշակույթի մի մաս և դաստիարակվում են խոստացված աջ ծայրահեղական փորձի աշխարհով: Մի շարք առցանց խանութներ վաճառում են «Գորշ գայլերի» տարբերանշանները և նորաձևությունները, իսկ ոմանց առաջարկվում են հազարավոր այլ ապրանքներ, այդ թվում՝ զենք:

Ներքին գործերի նախարարը և «գայլերը»

Գորշ գայլերը չեն հիշատակվում Սահմանադրության պաշտպանության զեկույցում, բայց ՆԳ նախարար Կառլ Նեհամմերը դրանց մասին պարբերաբար բարձրաձայնում է: Մայիսի կեսերին, հակաիսրայելական ցույցերի հետ կապված, նա մեղադրեց Թուրքիայի նախագահ Էրդողանին «կրակի վրա վառելիք լցնելու» մեջ: Էրդողանը, ի միջի այլոց, Իսրայելը որակել է որպես «ահաբեկչական պետություն»: Նեհամմերը նշեց նաև, որ. «Գորշ գայլերը» օրեր շարունակ խռովություններ են առաջացրել անցյալ ամառ: Կան նաև «հստակ ցուցումներ, որ Թուրքիան ազդել է Վիեննա-Ֆավորիտենում տեղի ունեցած անկարգությունների վրա»:

Մյուս կողմից, ՆԳՆ-ն, դժվար թե, որևէ տեղեկություն հրապարակի խմբի մասին: Էական տեղեկատվությունը չի հրապարակվում Սահմանադրության պաշտպանության գրասենյակի տարեկան զեկույցներում կամ ի պատասխան խորհրդարանականների հարցերի՝ այն մասին, թե որքան ուժեղ է շարժումը և ինչ կապեր ունեն նրանք արտերկրում: Անցյալ տարի, սակայն, նշվեց, որ «Գորշ գայլերը հիմնականում վերաբերում են թուրք աջ ծայրահեղականներին, ինչպիսիք են «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կամ «Մեծ միասնության կուսակցության» (BBP) անդամները, և որ դրանք մեկ կազմակերպություն կամ ասոցիացիա չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930