Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թվականի հունվար-մայիսին վերադարձվել է 68.6 միլիարդ դրամ՝ ԱԱՀ-ի, եկամտային եւ ակցիզային հարկի գծով

Հունիս 03,2021 14:54

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց բյուջեի հավաքագրման տվյալները։ Ըստ ՊԵԿ-ի, 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618․4 միլիարդ դրամ, իսկ հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները կազմել են 68․6 միլիարդ դրամ։

Պարոն Հովհաննիսյանի խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն 2020 եւ 2019 թվականների համադրելի տվյալների համեմատ․ «Մասնավորապես, նշեմ, որ 618․4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47․2 միլիարդով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից եւ 34․8 միլիարդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից։ Վերադարձված գումարների մասով նշեմ՝ 2021 թվականի ընթացքում 68․6 միլիարդ դրամը մոտ 25 միլիարդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից եւ 15 միլիարդ դրամի չափով ավելի է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ հարկային եկամուտների մոտ 40% աճ էր արձանագրվել․ «Այսինքն՝ այդ 40% աճի վրա մենք հիմա 2019 թվականի համեմատ ունենք 8․3% աճ։ Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին՝ ակցիզային հարկ, ԱԱՀ եւ եկամտային հարկի վերադարձի մասին է խոսքը։ 2021 թվականի առաջին հինգ ամիսներին վերադարձվել է 68.6 միլիարդ դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելi է 29.9 միլիարդ դրամով, 2019-ի համեմատ՝ 25.միլիարդ դրամով»։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահն անդրադառնալով այս ցուցանիշներին, ասաց՝ սա արդյունք է ապրանքների գնաճի եւ հարկային վարչարարության։ Այսինքն՝ սա ոչ թե տնտեսական ակտիվության արդյունք է, այլ՝ գնաճի եւ ստվերի դեմ պայքարի՞, այս ճշտող հարցին ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց․«Հիմնականում՝ այո, բայց չենք կարող չնշել տնտեսությունում տեղի ունեցող որոշակի ակտիվությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930