Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն մի դասալիք քիթը չպիտի մտցնի բանակ, հետո գեներալներին մեղադրենք. Գրիգոր Գրիգորյան

Հունիս 03,2021 14:16

«Մենք փորձել ենք քաղաքական հայտարարություններ չանել, քանի որ մեր խնդիրը եղել է ազգ-բանակ գաղափարախոսությունը, բայց երկրի վիճակն այսօր օրհասական է, պատերազմի դաշտը հենց մայրաքաղաքում է ու մենք չենք կարող անմասն մնալ այս ամենից»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունն այսօր իր համագումարում որոշեց, որ առաջիկա ընտրություններում սատարելու է «Հայաստան» դաշինքին: Հիմնավորումնը հետեւյալն է. հասկանում եւ գնահատում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին կատարված աշխատանքը, պատկերացնում են ՀՅԴ-ի տեղն ու դերը թե Հայաստանում, թե Սփյուռքում, նաեւ վստահում են «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որը դեռ 2018-ից գործող իշխանությանն ապացուցում է, որ Սյունիքը մերն է, դավաճանները Սյունիքում անելիք չունեն: Պայքարելու են հանուն կայուն, զարգացած հայկական պետականության, որ Հայաստանը պարտված երկրից վերադառնա զարգացող երկրի հուն:

Անդրադառնալով ՀՀ սահմաններում ստեղծված լարված իրավիճակին եւ թշնամում մեր սահմաններից դուրս մղելուն էլ, Գրիգոր Գրիգորյանն ասաց. «Թշնամու հետ խոսելու ոչինչ չեմ տեսնում: Թշնամուն պետք է պատասխանել համարժեք եւ ոչնչացնել թշնամուն: Այսօր իրենք չեն հասել մեր դուռը, այսօրվա ապիկար կառավարությունն է պայմաններ ստեղծել: Ոչինչ: 1990-ականներին ավելի վատ պայմաններ են եղել, մենք հաղթել ենք: Այսօր էլ է վատ իրավիճակ, էլի հաղթելու ենք եւ եթե հրաման լինի, որ հասնենք Բաքու՝ հասնելու ենք: Ուղղակի պետք է երկիրը ճիշտ ղեկավարվի, բանակն էլ իր գործով զբաղվի, ոչ թե ամեն մի դասալիք քիթը մտցնի բանակ եւ հետո գեներալներին մեղադրենք»:

Բանախոսի համոզմամբ, մենք 44-օրյայում էլ միանշանակ հաղթելու էինք, եթե բանակը ղեկավարեին բանակի ղեկավարները, բայց «ամեն դասալիք իրավունք ունեցավ մտնել հրամանատարական կետեր եւ ծրագրեր թելադրել»: Նա վստահեցնում է, որ մենք հզոր բանակ ունեցել ենք եւ ոչ ոք չփորձի բանակին անվանարկել:

«Մեր թշնամին մի քիչ դիվանագիտությամբ է առաջ ընկել, մի քիչ էլ ավել փող ունի, բայց այդ ամենը մենք կարող ենք հօգուտ մեզ ծառայեցնել»,- գտնում է գնդապետը:

Արցախյան առաջին պատերազմում, Շուշիի առանձնակի գումարտակում, Պետրոս Ղեւոնդյանի անմիջական հրամանատարությամբ կռված Գրիգոր Գրիգորյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դեռ ծառայության մեջ էր՝ «Մեհրաբներ»-ում գնդում հրամանատարի տեղակալ: 44 –օրյայում կամավորականների իրենց ջոկատը մարտեր է մղել Մատաղիսում, ապա Բերձորում. «Ես հպարտ կարող եմ ասել, եթե այսօր Լաչինը մեր ձեռքում է, դա մեր աշխատանքի արդյունքն է. մենք ենք միայն դիմակայել այդ տարածքում, որովհետեւ մինչեւ վերջ կանգնել ենք եւ հակառակորդին թույլ չենք տվել մտնել Լաչին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930