Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցողներն ազատվել են աշխատանքից. Նիկոլ Փաշինյան

Հունիս 03,2021 14:12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրության մասին:

Ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի հերթական նիստի աշխատանքները:

Մինչ օրակարգին և դրա հարցերին անդրադառնալը, ցանկանում եմ 1-2 թեմայի կարճ քննարկում ունենանք:

Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը: Եվ ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետևյալն է. արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտո՞ւմ զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, ես նախ կուզենամ Առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ տիկին Ավանեսյանը, ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, և ինչ աշխատանքներ են արվել: Խնդրեմ, տիկին Ավանեսյան:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մինչև 2018 թվականը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարանային կարողություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Նշեմ, որ ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում: Դատաբժշկական ծառայությունն ունեցել է՝ Երևանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ:

Նշեմ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2018 թվականից հետո: Մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը: Նախագծվել է Երևան քաղաքում կենտրոնական կառույցի և մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքներ:

Այս ծրագրի շրջանակում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր: Նշեմ այս կենտրոններից մի քանիսում կատարված փոփոխությունները: 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սաղմնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարանային նոր բլոկ: Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը: 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ: Հիմա էլ լրացուցիչ ևս սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020 թվականին Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ: 2021 թվականին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Պիտի ասեմ, որ այժմ էլ նախագծվել է և ընթանում է Սևան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը: 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել: 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկրորդ ամբողջական հոսքագիծը:

Իհարկե, պարոն վարչապետ, նյութատեխնիկական այս հզորությունների զարգացումը չափազանց կարևոր է, բայց նաև պիտի նշեմ՝ մասնագետների առկայությունը և նրանց մշտական հնարավորությունների զարգացումը ևս մեր ուշադրության կենտրոնում է եղել: Ընդհանուր առմամբ, 25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը, ուժեղացվել է գիտագործնական բաղադրիչը: Եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, ունենք հետևյալ պատկերը. 2017 թվականին իրենց ընդհանուր բյուջեն կազմել է 389 մլն դրամ: 2018 թվականի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով և դարձել 364 մլն դրամ, 2019 թվականին դարձել է 481 մլն դրամ, 2020 թվականին՝ 594 մլն դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, տիկին Ավանեսյան: Այսինքն՝ ամփոփելով, պետք է ասենք, որ առաջինը, սկսեմ բյուջեից, այդ համակարգի բյուջեն 2019 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 63 տոկոսով կամ 230 մլն դրամով:

Հիմա, ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունեցել ենք այն տեսարանը, որն ունենք: Որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել՝ 2018 թվականից առաջ: Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել: 2018 թվականից հետո՝ պատերազմից առաջ, առաջին սարքն արդեն եղել է: Երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել:

Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Տվյալ դեպքում այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից: Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգերում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են: Ես հիշում եմ այն դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և երբ ես հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի. այդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, ցույց էին անում, հետո այդ նույն չստիկներով մտան ներս, հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքն առողջապահության ոլորտում:

Մենք բազմիցս ասում ենք՝ սա կրթական, էթիկական պարզ խնդիր է: Ի վերջո, Առողջապահության նախարարությունը կամ Կառավարությունը, այո, կարող են սահմանել չափանիշներ, ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է: Երբ մենք ասում ենք՝ չկա այդպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխության, հենց սա նկատի ունենք:

Այս վիճակագրությունը 2018 թվականից առաջ ցույց է տալիս, որ Երևան քաղաքում՝ գիտագործնական կենտրոնում, եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ, որն ամենապատշաճ ժամանակակից պայմաններն են մարմինները պահելու համար: Բարեփոխումների արդյունքում միայն կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացվել են տեղերը: Սա է կառավարության վերաբերմունքը: Իսկ թե տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունք և արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում է, որ չի կարելի հանդուրժել ընդհանրապես բարեփոխումների, բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել և տրվել աղմուկ-աղաղակներին: Պետք է, որակական հստակ ստանդարտներ սահմանելով, գնալ առաջ:

Բայց, մյուս կողմից, պետք է նաև նշեմ, որ «Դատաբժշակական գիտագործնական կենտրոնի» բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր, առանց դադարի: Ընդ որում, հասկանալի մեծ ճնշումների ներքո: Ես նկատի ունեմ հատկապես գենետիկական փորձաքննություններ իրականացնող աշխատողներին: Ճնշումների, այո, շատ հաճախ՝ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել:

Սա է իրողությունը, և մենք, այո, պետք է նաև այս դեպքից դասեր քաղենք, բայց, մյուս կողմից, կրկին եմ ասում, չի կարող Կառավարությունը կամ Առողջապահության նախարարը գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ինչպես է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է, որոնք նույնպես այս բարեփոխումների կարևոր մաս պետք է լինեն:

Եթե մենք տվյալները ամփոփենք, տիկին Ավանեսյան, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտմամբ մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց նաև ունենք անհետ կորածների հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով: Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք կրկին տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել: Կան օբյեկտիվ պատճառներ, կան նաև սուբյետիվ պատճառներ: Եվ ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, և մենք պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին, օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք այս հարցում մեզ օգնեն:

Ցանկանում եմ նաև հետևյալն ասել, որ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր, և, ըստ էության, 99.9 տոկոսով համընկել են, պատասխանները եղել են նույնը: Նախորդ օրը, դա էլ ասեմ, այդ հանդիպումները չեն լուսաբանվում, բայց ես անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ, մեր վերջին հանդիպման ժամանակ խոսվեց դեպքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է: Հույս ունեմ, որ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը:

Սա այս թեմայով:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաև անդրադառնալ մեր բյուջետային գործերին: Պարոն Հովհաննիսյան, կուզենայի, որ Դուք հրապարակեք 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատության մեջ: Համեցեք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ: Տեղեկացնեմ, որ 2021 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68,6 մլրդ դրամ: Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականների համեմատելի տվյալների համեմատ. մասնավորապես նշեմ, որ 618,4 մլրդ դրամ հավաքագրված եկամուտները 47,2 մլրդ դրամով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34,8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից:

Վերադարձված գումարների մասով նշեմ, որ 2021 թվականի ընթացքում 68,6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից և 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից: Սա ընդհանուր պատկերն է 5 ամսվա հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան: Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, քանի որ պարոն Հովհաննիսյանը համեմատականը 2019 թվականի հետ անցկացրեց, ցանկանում եմ հիշեցնել, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով, 2019 թվականի համեմատությամբ մենք հարկային եկամուտների մոտավորապես 40 տոկոս աճ էինք արձանագրել, այսինքն՝ այդ 40 տոկոս աճի վրա մենք հիմա 2019 թվականի համեմատությամբ նաև ունենք 8.3 տոկոս աճ: Կարծում եմ, որ իմաստ ունի նաև 2018 թվականի հետ համեմատել՝ զուտ վիճակագրությունն ունենալու համար:

Պարոն Հովհաննիսյանը չբարձրաձայնեց, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս ամեն ինչը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին, որովհետև գումարները, որ 2021 թվականի առաջին 5 ամսում վերադարձվել են՝ 68,6 մլրդ դրամ է. խոսքը ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի և հիպոթեկային համակարգով եկամտային հարկի վերադարձի մասին է: 2021 թվականի 5 ամսվա վերադարձը կազմել է 68,6 մլրդ դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 29,9 մլրդ դրամով կամ 15,8 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ ավելի է 25,2 մլրդ դրամով կամ 58 տոկոսով: Այսինքն՝ սա նույնպես կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք հարկային հավաքագրումներն ապահովում ենք, այսպիսի առաջանցիկ աճ ապահովում ենք՝ բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվելիք գումարներն ամբողջությամբ վերադարձնելով: Սա կարևոր է արձանագրել, որ մենք շարունակում ենք բիզնեսի և հանրության նկատմամբ պարտքերը վերադարձնելու քաղաքականությունը և, ըստ էության, մենք հիմա այդ զրոյացման ռեժիմում ենք, որովհետև ընթացիկ պարտքերն այս համակարգում ըստ էության էական չեն:

Պարոն Հովհաննիսյան, նախորդ օրը, երբ քննարկում էինք, Դուք ասացիք, որ մենք դեպքեր ունենք, երբ բիզնեսն ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցով դիմում է գրում Պետական եկամուտների կոմիտե, ամսի 20-ից եք, չէ՞, դիմումներն ընդունում, և 3-4 օրվա ընթացքում արդեն գումարը հետ է վերադարձվում: Խնդրում եմ՝ այն, ինչ-որ ինձ ասել եք, այդ թեման նաև հանրության համար բարձրաձայնեք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և եկամտային հարկի գծով վերադարձվող, փոխհատուցվող գումարների դիմումները հիմնականում ամսի 20-ից հետո, այսինքն՝ հաշվետվությունները ներկայացնելուց հետո, Պետական եկամուտների կոմիտեում ստացվում են, և ձեռնարկվում է դրանք ուսումնասիրելու գործընթաց, որոշ դեպքերում առանց ուսումնասիրության, պարզեցված եղանակով, համաձայն կառավարության կողմից սահմանված ընթացակարգի, վերադարձվում են: Այսինքն, ձեռնարկվում է այդ գործընթացը, և հաշված օրերի ընթացքում հարկ վճարողի ունեցած գերավճարները փոխանցվում են նրա բանկային հաշվեհամարներին՝ Ֆինանսների նախարարության կողմից, մեր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա:

Պարոն վարչապետ, մենք ունենք վիճակագրություն, և, օրինակ, 2020 թվականի ընթացքում այդ օրերի տևողությունը միջինացված կրճատվել է և գնում ենք դեպի կրճատման՝ հաշվի առնելով նաև, որ մենք անցյալ նիստի ընթացքում նաև ընդունեցինք ամսական կտրվածքով տրամադրման կարգը, այն հաստատվեց և կգործի արդեն հուլիսի 1-ից: Այսինքն՝ ամսական կտրվածքով հարկ վճարողները հնարավորություն կունենան դիմում ներկայացնել: Ընդ որում, հիշեցնեմ՝ փոփոխությունը վերաբերում էր արդեն ոչ թե ամսի 20-ից հետո, այլ հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Հետևաբար, հարկ վճարողները հնարավորություն ունեն հաջորդ ամսվա, դիցուք ամսի 1-ին ներկայացնեն հաշվարկ և հաջորդ օրը ներկայացնեն տվյալ գումարները փոխհատուցելու վերաբերյալ դիմումներ, ինչն իրականացվում է հաշված օրերի ընթացքում: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Պարոն Գրիգորյան, Դուք նախորդ թեմայի հետ կապված բան ունեի՞ք ասելու: Համեցեք:

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյան – Այո, պարոն վարչապետ: Շնորհակալություն: Ուզում եմ տեղեկացնել, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածով: Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, և կտրվեն իրավական գնահատականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930