Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն «իձիոտկա» էր անվանել զինվորների դիերի պահման պայմանները քննադատող Թագուհի Թովմասյանին: Թովմասյանն էլ հորդորել էր ներողություն խնդրել՝ լկտի վարքագծի համար:
Լրագրողների հետ ճեպազրույցում Լենա Նազարյանը այսպիսի բացատրություն տվեց. «Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու եւ հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու ու երեւի հաջորդ ցուցակ անցնելու համար: Եվ թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից ու հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ եւ հարմար պահի դուրս եկել: Դրա համար թող ներողություն խնդրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ