Հունիսի 8-ին մեկնարկում են միասնական քննությունները: Բուհերի ընդունելության կարգի համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դիմորդի էլեկտրոնային հասցեին է ուղարկում մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը:
Դիմորդները երեկվանից անհանգստանում եւ ահազանգում են, որ չեն ստացել իրենց էլեկտրոնային անցագրերը: Պարզաբանման համար Aravot.am-ը դիմեց ԳԹԿ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնեցին, որ անցագրերի էլեկտրոնային տարբերակն անցյալ տարվանից է՝ պայմանավորված համավարակով և դա իրազեկման լրացուցիչ ձեւ է, իսկ թղթային տարբերակով անցագրերը երեկվանից դպրոցներում են, որտեղից դիմորդները դրանք ստացել և շարունակում են ստանալ:
«Միաժամանակ շարունակվում է էլեկտրոնային հասցեներին անցագրերն ուղարկելու գործընթացը: Որևէ դիմորդ առանց անցագրի չի մնա, որևէ մեկն այս պատճառով չի տուժի»,- հավաստիացրին Գնահատման և թեստավորման կենտրոնից:
Նաեւ կառույցի լրատվականից հավելեցին. «Երբեմն հայտագրվելիս դիմորդները այլ էլեկտրոնային հասցե են նշում, որը հետո փոխում են, որոշ դիմորդներ էլ հայտագրվելուց հետո հրաժարվում են միասնական քննություններից ու որոշում են ավարտական հանձնել, դիմորդներից ոմանք հայտագրվում են ծննդյան վկայականով, հետո անձնագիր են ստանում, դիմում-հայտում հաճախ տառասխալներ են լինում…Մի խոսքով, սրանք պատճառներ են, որոնք ստիպում են զանգահարել, կապվել դիմորդների հետ, ճշտել տվյալները, ճշգրտել բազան: Գործընթացը ժամանակատար է, բայց դա քննությունների նախապատրաստման փուլում անխուսափելի է, որպեսզի բուն քննության ժամանակ հնարավոր լինի խուսափել խնդիրներից կամ գոնե դրանք նվազագույնի հասցնել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ