Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայվան բառի իմաստը գիտե՞ք», «ձեր նախարարի հետ հրաժարական տվեք»․ պատգամավորները դատափետեցին առողջապահության փոխնախարարի պաշտոնակատարին

Հունիս 03,2021 13:08

«Հայվան բառի իմաստը գիտե՞ք»՝ անասուն, կենդանի․․․կենսաբանական օրգանիզմ։ Առողջապահության նախարարության պատասխանատուներից ու պաշտոնյաներից ո՞ր կենսաբանական օրգանիզմն է պատասխան տալու տեղի ունեցածի համար։ Չնկարագրեմ, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել զինվորների մասունքները»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Գեւորգ Սիմոնյանին հարցրեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Գեւորգ Սիմոնյանը նախ նշեց, որ այդ դեպքի հետ կապված արդարացումներ չկան։ Որեւէ մեկը չի փորձում արդարացնել կատարվածը. «Աբովյանի դիահերձարանի աշխատակիցներն ազատվել են, եւ դա մասնավոր դեպք է, այն չի կրում համակարգային բնույթ։ Այսօր տեղեկացա նաեւ, որ քրեական գործ է հարուցվել։ Թող քննությունը լինի, մեղավորները կպատժվեն»։

Տիգրան Ուրիխանյանին պատասխանը չգոհացրեց․ «Դուք տեղակալ եք։ Այնպես հանգիստ եք ասում։ Աշխատանքից ազատվել են ու վե՞րջ։ Այդքա՞նը»։ Փոխնախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ ազատվածները կրելու են օրենքով նախատեսված պատիժ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ուղղեց նախարարին՝ ասելով․ պետք է իմանայիք, որ երեկ է քրեական գործ հարուցվել, ոչ թե այսօր։ «Առաջարկում եմ ձեր նախարարի հետ հրաժարական տաք, եւ այդ բարդակը լինի բարոյական․․․ասում եք, թե այսինչն ու այնինչն ազատվել են պաշտոնից։ Լավ կլինի այդ ամբիոնից հրաժարականի մասին ասեք։ Համաձայն չե՞ք»։ Գեւորգ Սիմոնյանը պատասխանեց․ «Համաձայն չեմ»։

Մելքումյանն ակնարկեց․ «Մարդը կյանքում մի քանի շանս է ունենում դիրքավորվելու եւ իր վարկանիշը պահելու համար։ Լսեք ինձ ու օգտագործեք ձեր շանսը։ Հենց հիմա հրաժարական տվեք, գնացեք, ու կտեսնեք, որ դա շատ ճիշտ կլինի։ Մի կառչեք դրանից»։

Գեւորգ Սիմոնյանը կրկնեց, որ դեպքն արդարացում չունի, որ համաձայն է հանրության վրդովմունքի հետ, բայց Մելքումյանի խորհուրդը չի ընդունում։

Ապա «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ ներսում քննարկում եղե՞լ է, փորձե՞լ եք հասկանալ՝ այլ տեղում նման իրավիճակ կա՞, ինչո՞ւ է այդպես եղել։

Գեւորգ Սիմոնյանը պատասխանեց․ «Լուսանկարների հրապարակման օրը բոլոր դիահերձարաններ մարդ ենք ուղարկել, որ գնահատվի օպերատիվ իրավիճակը։ Վստահեցնում եմ, որ նման պատկեր միայն Կոտայքում է եղել, դա մասնավոր դեպք է եղել՝ տեխնիկական, օբյեկտիվ պատճառներով։ Բայց տեխնիկական խնդիրը չէր ենթադրում, որ հարցին նման լուծում պետք է տրվեր։ Սառնարանի կահավորման խնդիր է եղել, ժամանակավոր տեղափոխություն են արել, եւ նման պատկեր ենք ունեցել, որն անթույլատրելի է»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930