Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից»

Հունիս 03,2021 12:47

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնի աղմկահարույց դեպքին, երբ բացահայտվել էր, որ պատերազմում զոհվածների մասունքները պոլիէթիլենային տոպրակներով նետված էին սենյակի հատակին։

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք՝ Աբովյանի դատաբժշկական կենտրոնի կադրերը, եւ ֆունդամենտալ հարցը, որը պետք է պատասխան ստանա՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների եւ ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզեմ առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը ներկայացնի, թե ոլորտում 2018-ից ի վեր ինչ աշխատանքներ են կատարվել»,-ասաց Փաշինյանը։

Նախարարը ներկայացրեց տվյալներ՝ մինչեւ 2018 թվականը առողջապահության նախարարության գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ունեցել է միայն Երեւանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել․ «Նշեմ, որ ծառայությունը իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից՝ ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում։ Դատաբժշկական ծառայությունը Երեւանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200-ը։ 2018-ից հետո փոփոխություններ են եղել, նախագծվել եւ ստեղծվել են համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ծրագիրը։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սեւան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր»։

Ըստ նախարարի, գենետիկական հետազոտությունների համար ընդհանրապես սարք չի եղել, 2018-ին գնվել է առաջին սեկվենատորը, 2020-ին՝ երկրորդը, նաեւ աշխատողների աշխատավարձային ֆոնդը 25%-ով բարձրացրել են։

«2017 թվականին իրենց բյուջեն կազմել է 389 միլիոն, 2018-ի առաջին ամիսներին 24 միլիոնով կրճատվել է, 2019-ին բյուջեն կազմել է 481 միլիոն, 2020-ին՝ 594 միլիոն»,-այսպիսի տվյալներ ներկայացրեց նախարարը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունեցանք այդ տեսարանը։ Որովհետեւ մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոփոխելն այդքան հեշտ գործ չէ, որովհետեւ այստեղ կարեւորը մտածողության խնդիրն է։ Առաջին սարքը ձեռք է բերվել մինչ պատերազմը, պատերազմից հետո ձեռք ենք բերել երկրորդը, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել։ Եվ սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։ Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ մարդկանց աշխատանքից ազատում են։ Ես հիշում եմ, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխում էր կատարվում, ես հեռուստատեսային ռեպորտաժը տեսա՝ շշմեցի։ Այդ հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց ցույց էին անում, հետո այդ նույն չստիկներով մտան ներս հիվանդանոց։

Մարդու եւ մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է, երբ մենք ասում ենք՝ չկա այդպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխությունների, հենց սա նկատի ունենք»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունք եւ արտահայտություններ են լինում, իշխանությունը գիտի․ «Եվ սա նշանակում է, որ չի կարելի հանդուրժել բարեփոխումների, բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել եւ տրվել աղմուկ-աղաղակներին։ Պետք է գնալ առաջ՝ որակական հստակ ստանդարտներ սահմանելով։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր, հասկանալի ճնշումների, վիրավորանքների ներքո եւ նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել։ Այս դեպքից դասեր պետք է քաղենք, բայց նախարարը, կառավարությունը չի կարող գնալ ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով՝ ոնց է։ Սա մասնագիտական էթիկայի խնդիր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930