Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտվում են հանգամանքից, որ մեծամասնությունը չունի բավարար մեդիագրագիտություն. ովքեր են YouTube-ում քաղաքական կոնտենտ ստեղծողները. Jam-News

Հունիս 03,2021 12:34

Jam-News. Վերջին տարիներին YouTube-ը ամենանախընտրելի համացանցային հարթակներից է Հայաստանում։ Այստեղ հայալեզու լսարանը ոչ միայն սպառողի, այլև բովանդակություն ստեղծողի դերում է։ Քաղաքական թեմաներ լուսաբանող ալիքները YouTube-ում շատ բարձր դիտողականություն ունեն։ Առավել դիտվածների շարքում են ոչ միայն հայտնի լրատվականները, այլև անհայտ ծագման և տարօրինակ բովանդակություն ստեղծող ալիքները, որոնք հավասարապես կիսում են թոփ հորիզոնականները հայտնի լրատվականների հետ։

Հայտնի անհայտները

Անդրադառնանք յութուբյան ալիքներից յոթին, որոնք իրենց գործունեությունը սկսել են 2018-2020 թվականներին՝ գրանցելով միլիոնավոր դիտումներ։ Դրանք են՝ Perfect TV, The Great Armenia, ArmNkr news, New Channel TV, SHD ARM TV, 8rd.am, amenor am։

Այս ալիքները, որպես կանոն, չեն տալիս ճշգրիտ տեղեկություն, այլ ընդհակառակը՝ տարածում են կեղծ և ժամանակավրեպ ինֆորմացիա և մշտապես կիրառում խայծ վերնագրեր (Clickbait)` դիտումներ որսալու համար։

The Great Armenia

Ալիքը ստեղծվել է 2019-ի սեպտեմբերի 7-ին, իսկ առաջին տեսանյութը հրապարակվել է 2020 թվականի հուլիսի 19-ին։ Ստեղծման պահից մինչ օրս ալիքը դիտվել է մոտ 54 մլն անգամ և ունի 103 հազարից ավելի հետևորդ։ Էջում չկա որևէ ինֆորմացիա հիմնադրի, էջի գործունեության կամ հետադարձ կապի վերաբերյալ։ Միակ տեղեկությունը, որ կարելի է գտնել «մեր մասին» բաժնում, Եղիշե Չարենցի խոսքերն են։

Այս ալիքը ինչպես վերնագրերում, այնպես էլ բուն նյութում բացահայտ կեղծիք է տարածում՝ մարդկանց վերագրելով խոսքեր, որոնք իրենք չեն ասել։ Օրինակ՝ «Բայդենի թոռնուհին հայերի մասին։ Ես հիանում եմ նրանցով», «Ահա թե ինչպես Սոլովյովը ստորացրեց Ալիևին», «Ալիև, ճակատիդ եմ ասում։ Մալախովը խայտառակեց Ալիևին», «Պուգաչովան հայերի համար դիմեց Պուտինին», «ՀՐԱՏԱՊ։ Թուրքերը հարձակվել են Քիմի (Քարդաշյան) տան վրա»։

Գրեթե բոլոր նյութերում հեղինակը հայտնի մարդկանց անունից քննադատում և մեղադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կամ, իբր, գովաբանում է հայերին, այնինչ նշված անձինք նման հայտարարություններով հանդես չեն եկել։ Պարզ է դառնում, որ ալիքի հիմնական նպատակը դիտումներ հավաքելն է։

The Great Armenia-ի տեսանյութերից և դրանց հարյուրավոր մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ալիքի թիրախային լսարանը հանդիսանում է ինչպես Հայաստանի, այդպես էլ Ռուսաստանի հայախոս լսարանը:

ArmNkr news, New Channel TV, SHD ARM TV, 8rd.am ալիքների բովանդակությունը. ի՞նչ կապ կա այս ալիքների միջև

Յութուբյան բոլոր այս ալիքներն իրենց գործելակերպում շատ ընդհանրություններ ունեն։ Նրանք բոլորը օգտագործում են խայծ վերնագրեր․ առաջին վայրկյաններին տագնապած ձայնով և նույնատիպ երաժշտության ուղեկցությամբ կեղծ տեղեկություն տարածել, այնուհետև կտրուկ անցում կատարել ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից գրված գրառումների, նույն սոցցանցում հրապարակված լուրերի կամ լայվերի։

Օրինակ, ArmNkr news-ի տեսանյութերից մեկում ասվում է, թե երբ ԱՄՆ նախագահ Բայդենը հնչեցնի ցեղասպանություն բառը, Թուրքիան պարտավորվելու է Հայաստանին վերադարձնել 10 մլրդ դոլար, ինչպես նաև քննարկվելու է տարածքների վերադարձման հարցը։

New Channel TV-ի՝ «Հարձակում Նիկոլի վրա շտապ՝ հենց հիմա ՇՏԱՊ» վերտառությամբ հրապարակման մեջ պարզապես ընթերցում են ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներ և ոչ մի ընդհանրություն վերնագրի հետ չկա։ Մեկ այլ տեսանյութում ասվում է, թե ԱՄՆ նախագահ Բայդենի որդին հայտարարել է, որ իր ապագա կինը հայուհի է՝ Գոհար Մազմանյան անունով։

Հետաքրքիր է, որ ArmNkr news-ի և New Channel TV-ի տեքստերը ուղեկցվում են միևնույն կանացի ձայնով։ Նույն ձայնը կարելի է լսել նաև SHD ARM TV—ում, որը կասկածելի ծագման ալիքների նույն խմբին է պատկանում։ Ավելին, այս ալիքում կարող եք գտնել ամբողջությամբ նույն տեսանյութերը՝ տարբեր գլխագրերով։

Կամ օգտագործում են նույն լուսանկարները՝ տարբեր տեսանյութերի համար։

8rd news ալիքում որպես հետադարձ կապի միջոց տեղադրված է Nvideo Only1 ֆեյսբուքյան էջի հղումը։ Ուսումնասիրությունից հետո կասկած չի մնում՝ յութուբյան ալիքների այս խումբը կառավարվում է նույն մարդկանց կողմից։

Ֆեյսբուքյան այս էջը տարածում է նշված և նմանատիպ այլ ալիքների ստեղծած կոնտենտը, ինչպես օրինակ՝ amenor am, ARM TV, ArmTrue, New channel և այլն։

Ո՞վ է այս բոլոր ալիքների հիմնադիրը

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ալիքները պատկանում են Շավարշ Սարուխանյան անունով օգտատիրոջը։ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վերջինս հանդիսանում է Nvideo Only1-ի հիմնադիրը, իսկ ապրիլի 21-ի իր գրառմամբ նա հայտնել է, որ ArmNkr news-ը «ամենաուժեղ տրաֆիկով» ալիքներից երրորդն է YouTube-ում: Սարուխանյանը, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմամբ (Facebook Live)` պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, հայտնել էր, որ բացի 8rd news ալիքից, ունի նաև այլ ալիքներ, հավելելով, որ իր տեսանյութերը պրոիշխանական են, սակայն դա բացառապես իր և իր թիմի դիրքորոշումն է․ իրենց աշխատանքում քաղաքական պատվերներ չեն կատարում։

Perfect TV

Perfect TV-ն այս շարքի ամենահայտնի ալիքն է։ Այն հայտնի դարձավ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 1-ին տարածեց էջի տեսանյութերից մեկը։ Ալիքի լսարանը դրանից կտրուկ աճեց։

Լրատվականները փորձեցին կապ գտնել իշխանության՝ մասնավորապես Փաշինյանի, և յութուբյան օգտատիրոջ միջև, նշելով, թե հնարավոր է՝ ալիքը ֆինանսավորվում է հենց վարչապետի կողմից։ 2019 թվականին infocheck.am-ը պարզեց «Perfect TV»-ի սեփականատիրոջ անունը։ Ոմն Վիգեն Սուքիասյան, որի էլեկտրոնային հասցեն հրապարակված էր Perfect TV-ի յութուբյան ալիքի հետադարձ կապի բաժնում։

infocheck.am-ը կապ էր հաստատել Վիգեն Սուքիասյանի հետ, որը փոխանցել էր իր անձնագիրը և տրամադրել ալիքի ֆինանսական վերլուծությունը, որտեղ երևում է, թե որքան գումար է նա վաստակել «YouTube»-ից՝ էջի դիտումների և հավանումների համար։ Սուքիասյանն այդ կերպ ցույց էր տվել, որ գումար վաստակում է յութուբի միջոցով և չի ֆինանսավորվում իշխանության կողմից։

Սուքիասյանի վարած յութուբյան ալիքի տեսանյութերը դիտվել են մոտ 200 մլն անգամ։ Ալիքը դիտումներ է որսում ապատեղեկատվություն և խայծ վերնագրեր տարածելով։

Այսպիսով, ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել՝ յութուբերները, օգտվելով այն հանգամանքից, որ հայալեզու հասարակության մեծամասնությունը հետաքրքրված է քաղաքականությամբ, սակայն չունի բավարար մեդիագրագիտություն, հաջողությամբ օգտագործում են նրանց՝ գումար աշխատելու համար։

Սաթեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930