Այս պահին ԴՆԹ հետազոտման մարմինների նույնականացման աշխատանքները եզրափակիչ փուլին են հասել, կան մարմիններ, որոնք չեն նույնականացվել։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ կան անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով․ «Ունենք նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցրել, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Եվ ունենք նաեւ շուրջ հիսուն մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել եւ այս դեպքերը պարզելու համար պետք է դիմենք օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ժամանակաշրջանում եւ ոլորտում»։
Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել ՀՀ-ում արված հետազոտության տվյալը եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկիր են տարել, եւ այնտեղի հետազոտության արդյունքը 99.9%-ով համընկել է մեր երկրում կատարված հետազոտության արդյունքի հետ։
«Ես պարբերաբար հանդիպում եմ անհետ կորածների հարազատների հետ, վերջին հանդիպման ժամանակ խոսվեց մի դեպքի մասին, որ դեռ ընթացքի մեջ է, հույս ունեմ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների ճշգրտությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ