Լրահոս
Օրվա լրահոսը

7 ամսում չկարողացա՞ն գոնե մի դեպք քննել. վիրավոր զինծառայողներին չի հաջողվում զինհաշմանդամության խումբ ստանալ, լավագույն դեպքում նշանակվում է քաղաքացիական հաշմանդամության կարգ. «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2021 11:20

Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե 7 ամիս, բայց մարտական գործողություններին մասնակցած եւ դրա հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներից շատերը ոչ մի կերպ չեն կարողանում զինվորական հաշմանդամության կարգ ստանալ, լավագույն դեպքում նրանց նշանակվում են քաղաքացիական հաշմանդամության կարգ ու թոշակ: Բազմաթիվ փաստաթղթերի հետ միասին քաղաքացիներից պահանջվում է վիրավորումը պատերազմի ընթացքում ստացած լինելու պատճառահետեւանքային կապը հաստատող փաստաթուղթ, որը, սակայն, զինկոմիսարիատից չեն տրամադրում՝ մեկնաբանելով, թե քննություն է տարվում:

Այս խնդիրն է բարձրաձայնել նաեւ Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիր Վարդանյանը: Վարդանյանն այն հոգեւորականների թվում է, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվել ու մեկնել էր Արցախ: Առաջնագծում գտնվող զինվորների համար սնունդ տեղափոխելու ժամանակ հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված Խաչիկը, մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց բացի, կորցրել է աջ աչքը, ձեռք բերել խլություն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Խաչիկ Վարդանյանը հայտնեց, որ իրեն տվել են քաղաքացիական հաշմանդամության 3-րդ կարգ, սակայն ամեն անգամ, երբ հարցնում է, թե ինչու զինվորական չէ, պատասխանում են՝ տարվում է քննություն, որպեսզի բացահայտվի վիրավորում ստանալու պատճառահետեւանքային կապը: «Ասում են՝ պիտի պարզենք, գուցե անձը մարտի դաշտից փախչելու ժամանակ է այդ վիրավորումները ստացել: Լավ, թող ուսումնասիրեն, պարզեն, մենք քաղաքացիական հաշմանդամության կարգով դեռ էլի կձգենք, բայց այստեղ այլ խնդիր էլ կա: Եթե չեմ սխալվում, առաջին եւ երկրորդ կարգ ստացածները մոտավորապես 1000-1200 հոգի են, հավանաբար մի 1000 հոգի էլ կլինեն երրորդ կարգ ստացածները, այսքան ժամանակ որեւիցե մեկի մասին չեմ լսել, որ հաշմանդամության կարգը քաղաքացիականից փոխված լինի զինվորականի: Այսինքն՝ 7 ամսվա մեջ իրենք չկարողացա՞ն գոնե մի դեպք քննել ու գտնել պատճառահետեւանքային կապը»,- ասաց Խաչիկ Վարդանյանը՝ հավելելով՝ հենց այսօր խոսել է իր ծանոթներից մեկի հետ, որը եւս բախվել է այդ նույն խնդրին:

Վարդանյանը նաեւ պատմեց, որ իր օգնությանը դիմած մեկ այլ երիտասարդ էլ բախվել է այլ տեսակի խնդրի. «Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Հայրիյանին պիտի պետպատվերով վիրահատեին, սակայն քանի որ այստեղի գրանցում չուներ, Արցախի Մարտունու շրջանից էր, տեւական ժամանակ չէին անում: Վերջը այդ տղային գրանցեցինք մեր տան վրա, տարան-բերեցին, քաշքշեցին, էլ ասելու չէ: Բայց այս տղայի հետ կապված մի ուրիշ խնդիր էլ կա. բժշկական էպիկրիզում գրված է՝ 1 տարի 8 ամիս պիտի արեւին դուրս չգա: Հայկը այրվածքներ է ունեցել, սարսափելի այրվածքներ, բայց հաշմանդամության կարգ չտվեցին՝ ասելով, որ չի հասնում: Հիմա այդ տղան գյուղացի տղա է, չգիտի՝ գնա Մարտունու շրջանի (Արցախ) իրենց գյուղում արեւի տակ հողագործությամբ զբաղվի, իր հետ ի՞նչ կլինի, (չնայած չի էլ կարողանում նորմալ), բայց եթե չանի, ինչո՞վ ապրի»:

Խաչիկ Վարդանյանը արձանագրեց՝ գերխնդիր է նաեւ վերոնշյալ հարցերով զբաղվող գերատեսչություններում աշխատող եւ քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանող անձանց հետ գործ ունենալը: Նա այդ խնդրին է բախվել հաճախ այլ մարդկանց օգնելու փորձեր անելով: Դպիրը վստահեցնում է՝ համատարած շատ կոպիտ եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ: «Իմ խորին համոզմամբ՝ հեռախոսի օպերատորների համար քասթինգ են արել, թե ով ավելի գռեհիկ ու անտակտ կպատասխանի, որից հետո նոր գործի են վերցրել։ Շատ անգամ հարցդ չեն էլ լսում, ու դու կասկածում ես՝ հեռախոսից էն կողմ մա՞րդ է, թե՞ մարդկային ձենով ռոբոտ, որն ընկալելու կարողություն չունի: Մի անգամ հեռախոսն անջատել եմ ու սկսել փոքր երեխու պես լացել ներվերից: Թե՛ առողջապահության, թե՛ սոցապ նախարարության ու թե՛ ԶՈՒ գլխավոր շտաբում գործող «Վստահության գիծ» ծառայությունը՝ բոլոր տեղերում այլանդակ մարդիկ են: Միակ բացառությունը ՊՆ թեժ գիծն է: Ուշ են պատասխանում, բայց փորձում են մաքսիմալ օգտակար լինել, հարցիդ լուծում տալ»,- նկատեց նա:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930