Հայաստանի ժամանակը կանգ է առել, երկրի ժամը՝ խելագարվելուց հինգ պակաս է: Ախր ինչպե՞ս չխելագարվել, ինչպե՞ս պահպանել սթափությունը, երբ ամեն օր մենք բախվում ենք մի նոր իրականության, որտեղ հորը, որը հուղարկավորել է որդու երկու ոսկորը (ոչ, սա սարսափ ֆիլմի տեսարան չէ), զանգահարում և ասում են՝ ձեր որդու մասունքներից էլի կա, եկեք, վերցրեք:
Երբ տղաների աճյունների հանդեպ նողկալի, գարշելի, անմարդկային վերաբերմունքից հետո և որևէ պաշտոնյա չի հեռանում, նրան չեն ազատում աշխատանքից, կամ էլ դա անում են «ձևի համար», որպես պարտականություն: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ներողությամբ, իսկ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկն էլ ասում է, թե Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ:
Բա ի՞նչ է, ախր ինչպե՞ս, ի՞նչ սրտով եք դա անփութության վերագրում: Դա անարգանք է մարդու նկատմամբ, մարդու, որը բարձրագույն արժեք է, առավել ևս նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի: Նույն այս ժամանակահատվածում մյուս փոխվարչապետի պաշտոնակատարն «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը:
Ինչ խոսք, միայն արհեստական բանականությունը «կօգնի» հասկանալ, թե ինչպես ապրել թշնամու հետ կողք կողքի, միայն արհեստական բանականություն ունեցող մարդը կների պատերազմում հազարավոր զոհեր տված և հայրենիք կորցրած իշխանություններին ու կանտեսի այն զազրելի վերաբերմունքը, որը դրսևորվում է մեր գերեվարված տղաների և զոհվածների աճյունների նկատմամբ: Այսքանից հետո թերևս լավագույնն, ինչ կարող են անել «իրենցքայլականները»` բոլորն անխտիր, լռելն է ու հեռանալը, մնացածն արդեն արդարադատության գործն է: Հուսանք՝ նրանց շարունակականության մանդատ չի տա նաև ժողովուրդը, քանի որ սթափությունն ավելի զորեղ կլինի, քան պոպուլիզմը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում