Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային մահավտանգ իրականությունից շատ ավելի սահմռկեցուցիչ է մահվան իրականությունը, որում ապրում են արցախյան պատերազմի զոհերի ու անհետ կորածների հարազատները. «168 ժամ»

Հունիս 03,2021 09:00

Արդեն շուրջ երեք շաբաթ Հայաստանի առնվազն երկու մարզերի բնակիչներ ապրում են ադրբեջանական զինված ուժերի հետ գոյակցությամբ, այնպիսի գոյակցությամբ, որում հայ գերիներ են վերցվում ու հայ զինվոր է սպանվում։ Բազմաթիվ գյուղերի բնակիչներ ապրում են կյանքի ու մահվան իրական խաչմերուկում՝ քաղաքական գործիչների սիրելի եզրաբանությամբ՝ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո։ Սահմանային այս իրականությունն առաջին՝ ընտրական իրականության հետ առնչվում է այնքանով, որ վերջինիս առավել խոսքասաց ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ մտահոգություններ են արտահայտում դրա առնչությամբ՝ հնչեցնելով խրոխտ դատապարտումներ ու աններում մեղադրանքներ։ Հենց դրանցում՝ պերճախոս ճառերում էլ սկսվում ու ավարտվում է երկու իրականությունների հատումը։

Ճառասացներն անցնում են իրենց ընտրական հոգսերին, սահմանապահ գյուղերի բնակիչներն ունեցածով պահպանում են իրենց տունը, արոտավայրերն ու անասուններին։

Ադրբեջանական նշանառության տակ ապրող սահմանապահ գյուղի երեխան ընտրական իրականությունում կա այնքանով, որքանով նրա վկայաբերումն ավելի արտահայտիչ է դարձնում իրավիճակի մեղավորներին դատափետող տեքստերը։

Սահմանային մահավտանգ իրականությունից շատ ավելի սահմռկեցուցիչ է բառի բուն իմաստով մահվան իրականությունը, որում ապրում են արցախյան պատերազմի զոհերի ու հավասարապես՝ անհետ կորածների հարազատները։

Դա գերեզմանային ու դիահերձարանային իրականություն է, որը սահմանային վտանգավոր իրականությունից տարբերվում է ողբերգականության անսահմանությամբ։ Սա իրականություն է, որում հերոսների ողջ մնացած հարազատներն ապրում են զոհվածների հետ նույն՝ հուշերի տիրույթում, իսկ անհետ կորածների հարազատներին կենսական ուժ է հաղորդում իրենց երեխաների մասունքները գտնելու հույսը։

Այս իրականության մեջ մարդիկ միայնակ են՝ իրենց զոհերի ու մասունքները գտնելու իրենց աղոթքների հետ։

Այս իրականության մեջ իշխանությունը մարդկանց այդ վերջին հույսը՝ երեխաների մասունքների գտնելու հույսը, պահում է պարկերում, դիահերձարանների նկուղներում։ Սա իրականություն է, որն անարգում է մարդկային բարոյականությունն ու բանականությունը։ Բայց այդ իրականությունը կա, այն մեր կողքին է, մեր մեջ, այն մեծ հաշվով մենք ենք՝ բոլորս։

Մահվան այս իրականությունը գրեթե մոռացության է մատնված և ընտրական իրականության մեջ հիշատակվում է այնքանով, որքանով։ Այս իրականության մեջ մարդն է՝ մահվան, ծնողը՝ զոհված երեխայի մասունքի, հազարավորները՝ որդիական գերեզմանների հետ։

Երկրում, որտեղ կան նման սահմռկեցուցիչ իրականություններ, որոնցից մեկում սահմանապահ գյուղի բնակիչները մահվանը դեմ հանդիման ապրում են հանուն կյանքի, իսկ անհետ կորածների հարազատները՝ գոյատևում են հանուն երեխաների մասունքները գտնելու ու գոնե գերեզման ունենալու, առավել ցայտուն է բուլվարային իրականությունը՝ երևանյան սրճարանային կյանքը, որում ապրողներն ամբողջ մարմնով ու հոգով անտարբեր են՝ ինչպես սահմանից ներս ադրբեջանցիների ներկայության ու դիահերձարաններում իրենց երեխաներին որոնող մարդկանց, այնպես էլ, մեծ հաշվով՝ ընտրական իրականությունների հանդեպ։

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930