Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործարարը՝ ավտոմեքենաներ ներկրողի դեմ

Հունիս 03,2021 14:00

Անթրանիկ Բողոսսյանին անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Վաթյանի` նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Այն բաղկացած էր վեց թերթից: Որոշումը վիճարկվել է դատարանում, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելիքսեթյանը օրեր առաջ որոշել է, որ գործարար Անթրանիկ Բողոսսյանի բողոքը տեղին է. «Բողոքը պետք է բավարարել: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի ավագ հետաքննիչ Մ. Ղազարյանի  2020թ. սեպտեմբերի 11-ի որոշումը վերացնել»:

Ա. Բողոսսյանը դիմել էր իրավապահներին, անցյալ տարվա հոկտեմբերին նաեւ դատախազություն, ԱԱԾ, վարչապետին: Նրա վեճը Մոստաֆա Աղիլի Նասերիի դեմ է, ով նույնպես դիմել էր վարչապետին, հայտնելով, թե Վերին Անտառային 138/2 առեւտրի կենտրոնի սեփանակատեր Ա. Բողոսսյանը խարդախությամբ հափշտակել է գումարներ: Ա. Բողոսսյանը երեսունմեկ տարի Հայաստանում է, զբաղվել է տնտեսական գործունեությամբ, սփյուռքահայ մեր հայրենակիցը եղել է հաջողակ, կառուցել է մի քանի բնակելի համալիրներ, հատկացրել այն հարյուրից ավելի մարդկանց: Ապա Անտառային 138/2 հասցեում կառուցել է բիզնես սրահ, որը մինչեւ երեք ամիս առաջ ավտոսրահ էր:

Մոստաֆան «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ընկերության տնօրենն է: Ընկերությունը հանդիսանում է տարբեր մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ի դեպ, ըստ Սփյուռ տեղեկատվական կենտրոնի, Մոստաֆան նույն ինքը Մայքլ Աղիլին է: 2019թ. հունիսի 28-ին, 29-ին, 30-ին տեղի ունեցավ ավտոսրահի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էր, ըստ լրատվամիջոցների, Իտալիայի դեսպանը` Վինչենցո Դել Մոնակոն: ՍՊ այս ընկերությունը հայրենի ոստիկանության պարեկայինի մեքենաների մատակարարն է նաեւ:

Դատական գործընթացից հետո Ա. Բողոսսյանը «Առավոտում» էր, եւ երեկ մեր զրույցի ժամանակ ասաց, թե վարձակալությամբ տվել է իր տարածքը Մ. Աղլիին: Սակայն, քանի որ այդ պահին վարձավճար չէին կարող ձեւակերպել, նրա իսկ իրավաբանի խորհրդով կնքել են փոխառության պայմանագիր, երկուսուկես տարով, թվով չորս հատ` 7.450.000, 8.000.000, 12.000.000 դրամի չափով, իսկ առաջին պայմանագրի համար կողմը 9.600.000 դրամի կանխավճար էր մուծել:

Բողոսսյանն ասում է, որ տարածքը բարեխիղճ տրամադրել է վարձակալին, որը հրաժարվել է վարձավճարը հետագայում տալուց, իսկ ապա դիմելով դատարաններ, հասել է նրան, որ իր շարժական, անշարժ ողջ գույքի վրա դրվել է կալանք, ոչ այն չափով, որը ենթադրյալ վճարվելիք գումարն է, այլ պահանջվելիքից շատ գումարի չափով: Խոսքն այս տարվա ապրիլին դատարանի քաղգործով մեկ այլ որոշման մասին է. «Հայցվոր Անթրանիկ Բողոսսյանը պարտավոր է սույն որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել 90 653 710  ՀՀ դրամ՝ որպես հակընդդեմ ապահովման գումար եւ դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց»:

Երբ կողմերը ոստիկանությունում տարբեր հաղորդումներ էին տալիս, եւ իրենց կանչել էին ոստիկանություն, նրանք որոշել էին քսան օրվա մեջ գնալ հաշտության, հաշվի առնել անցյալ տարվա որոշ դժվարությունները, Քովդի հետեւանքները, պատերազմը, Անթրանիկը հայտնել էր, թե պատրաստ է զիջել 17,5 միլիոն դրամ, ինչը չնչին էր թվացել կողմին:

Ոստիկանությանը դիմած Մոստաֆա Աղիլին հայտնել էր, որ Անթրանիկ Բողոսսյանի հետ սկսել են վարձակալության համար բանակցել, եւ Ա. Բողոսսյանն ասել էր, թե երկհարկանի սրահը կհանձնի, երբ ավարտվի շինարարությունը: Ըստ կողմերի պայմանավորվածության, վարձակալության արժեքը յուրաքանչյուր ամսվա համար կազմելու էր 7.740.960 դրամ: Կողմերի միջեւ կնքվել էր անշարժ գույքի վարձակալության նախնական պայմանագիր, որին հետեւել էր փոխառության պայմանագիրը, ապա երկարել էր շինարարությունը, իսկ ավարտական ակտն էլ քանի որ ուշանում էր, հետեւաբար, վերջնական համաձայնության չեն եկել:

Կողմերի գործողություններում հանցակազմ չի գտնվել, եւ ոստիկանության հետաքննիչը հենց այդ հիմքով քրեական գործ չէր հարուցել:

Մեզ հետ զրույցի ժամանակ Անթրանիկ Բողոսսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա օգոստոսին հայցադիմումով դիմել էր դատարան` իրավունքի խախտումները վերացնելու, «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ազատելու, ՍՊԸ-ին իր հասցեից վտարելու, շարժական գույքն օգտագործելն արգելելու, անշարժ գույքի բանալիներն իրեն հանձնելու պահանջով: Այս դատական գործընթացի ժամանակ, դատարանը բավարարել էր եւ Ա. Բողոսսյանի միջնորդությամբ հայցվորը խնդրել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց, այն է` հայցագնի՝ 44 451 602 ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ֆայն Քարս Օֆ Արմինիա» ՍՊԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, որպիսի միջնորդությունը դատարանի 26.08.2020թ. որոշմամբ բավարարվել է. որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 44 451 602 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրվել «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա: Հետագայում այս արգելանքը դատարանը վերացրել էր: Արգելանքն ըստ էության ձեւական էր, քանի որ  ըստ Ա. Բողոսսյանի, արգելանքի տակ գտնված շարժական գույքը տիրապետվել էր իրանցի ներդրողի կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930