Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների անցկացումը ճակատագրական սխալ է 

Հունիս 03,2021 13:30

Արդեն 10 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը հավանաբար օգտվելով ինչ-ինչ նախնական պայմանավորվածություններից, առանց որեւէ արգելքի ու ուժի գործադրման, չափազանց հանգստորեն մի քանի ուղղություններով՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներ է գործուղել իր 1000-ից ավելի մարդկանց, ովքեր առ այսօր փաստացի տնօրինում են Սեւ լճի, Վարդենիսի եւ Շորժայի որոշակի տարածքների: Ակնհայտ է, որ սա արդեն Արցախը չէ եւ Հայաստանի իշխանությունները, ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության, օգտվելով իրենց իրավունքից, օգնության դիմեցին նրան, որտեղից, սակայն, առ այսօր որեւէ ռեալ օգնություն չեն ստացել:

Ավելին, նրանք պատասխանել են, որ ընդամենը պատրաստ են միջնորդի դեր կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, որը, բնականաբար, դույզն-ինչ աղերս չունի Հայաստանի խնդրանքի բուն բովանդակության հետ, այն է՝ ըստ կանոնադրության ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնելու Հայաստանին՝ հարկ եղած դեպքում, անգամ ուժային ճանապարհով ադրբեջանցիներին վռնդել իրենց նախկին դիրքերը, քանի որ տեղի ունեցածը, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանի կողմից հարձակում է սուվերեն եւ ՀԱՊԿ լիիրավ անդամ Հայաստանի վրա: Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը որեւէ քայլ չի արել եւ նույնիսկ ավելին, ադրբեջանցիները օր օրի հանդարտ քայլերով ավելի են խորանում Հայաստանի տարածքից ներս:

Զարմանալիորեն, Հայաստանի իշխանությունները տեղի ունեցածը համարում են նորմալ, բարձրաձայնելով, որ ըստ ԽՍՀՄ-ի ժամանակների սահմանագծման եւ սահմանազատման փաստաթղթերի, այդ տարածքները փաստացի պատկանում են Ադրբեջանին եւ իրենք պատրաստակամ են եռակողմ համաձայնագրով (երրորդ կողմը Ռուսաստանն է) դրանք պաշտոնապես հանձնել տիրոջը՝ Ադրբեջանին: Թե իրականում ի՞նչ է նշանակում սա, ավելորդ է անգամ դրա մասին որեւէ խոսք ասելը եւ ակնհայտ է, որ այս պարագայում մի ելք է մնում միայն. եթե հայ ժողովուրդը գոնե մի քիչ նամուս ունի, պետք է համախմբվի եւ ցանկացած գնով նրանց դուրս շպրտի Հայաստանի սահմաններից (մնացածը հեքիաթ է): Կլինի՞ այդպես, կապրենք, կտեսնենք …

Եվ այս պարագայում (իհարկե, այս դեպքերից բավականին ժամանակ առաջ, Հայաստանի իշխանությունները որոշել էին, որ ս.թ. հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ), մայիս 24-ի դրությամբ, Հայաստանի իշխանությունները եւ մնացած ուժերը (նաեւ ընդդիմությունը) ջերմեռանդորեն պատրաստվում են այդ ընտրություններին, թքած, թե  Հայաստանի տարածքները մաս-մաս, հանգիստ հանձնվում են թուրքերին: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ սրան…  Փաստացի, ընդդիմադիր ուժերի լռությունն այս հարցում ոչ այլ ինչ է, քան իշխանության հետ համաձայնություն: Ակնհայտ է, որ այս երեւույթը կարող է զարմանք հարուցել ոչ միայն աշխարհի հայությանը, այլեւ այլ երկրների 100 հազարների հասնող բնակիչների: Հատկապես նոյեմբերի 9-ի Հայաստանի եւ Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո ու դրանից առաջ էլ,  Հայաստանի ընդդիմության որոշ մասը՝ հատկապես դավաճանության եւ անկարողության կեցվածքի համար, մշտապես անարգանքի սյունին էր գամում Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, նրանց որակելով դավաճան, հողատու եւ բազմապիսի լրջագույն այլ բացասական ածականներով: Ցավոք, ընդդիմությունը մոռացել է իր հիմնական առաքելությունը, լուռ ու մունջ համաձայնված իշխանության հետ, գերադասում է հանձնել Հայաստանի տարածքները, միայն թե մտնի Ազգային ժողով:

Սթափվեք, պարտադրեք իշխանություններին, որ որոշակի ժամկետով՝ 1 կամ 2 ամսով երկրում մտցնեն ռազմական կամ արտակարգ դրություն, հետաձգեն այդ չարաբաստիկ ընտրությունները եւ բոլորս միահամուռ հակահարված տանք թշնամուն, որն այսօր հաջողել է դիրքավորվել անգամ Մեղրիի տարածքում եւ նրանց դուրս վռնդենք մեր Սուրբ երկրից…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ   

«Առավոտ» օրաթերթ
02.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930