Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիացած եմ ձեր երիտասարդների ներկայացրած արվեստով»

Հունիս 03,2021 13:00

Հարցազրույց ամերիկյան Rotary Childrens Fund-ի փոխնախագահ Վիտալի Բեզրոդնովի հետ

– RcF բարեգործական ֆոնդը, որի փոխնախագահն եք դուք, գործում է 2003թ.-ից եւ գործունեություն է ծավալում Rotary International ոչ կոմերցիոն կազմակերպության շրջանակներում։ Ձեր ֆոնդի գործառույթն է երիտասարդական մշակութային փոխանակման ծրագիրը, ինչի առիթով էլ առաջին անգամ այցելել եք Հայաստան։ Ո՞ւմ հրավերով եք այստեղ եւ կուզեինք տեղեկանալ ձեր առաջիկա անելիքների մասին։

– Rotary-ն հիմնադրվել է 1905թ., Չիկագոյում, Փոլ Հարիսի կողմից։ Ըստ էության սա ի սկզբանե եղել է տարբեր բնագավառներում կայացած հաջողակ մարդկանց ակումբ, որտեղ ակումբի անդամները հավաքվել են, քննարկել ոչ միայն իրենց քաղաքը, երկիրը, այլեւ աշխարհն ավելի  լավը դարձնելու մարդասիրական ծրագրեր։ Ակումբի անդամներ են հանդիսացել ԱՄՆ նախկին նախագահներից մինչեւ ներկայիս փոխնախագահ Քամելա Հարիսը, Գերմանիայի կանցլեր Մերկելը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից Բիլ Գեյթսը եւ այլն։ Արդեն 18 տարի է՝ մեր ֆոնդի միջոցով իրականացնում ենք մշակութային փոխանակման ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, այս տարի ներառել ենք նաեւ Հայաստանը։ Մինչ այժմ մի քանի տասնյակ երկրների կատարողական արվեստի 14-21 տարեկան ներկայացուցիչներ հանդես են եկել ԱՄՆ-ում, շուրջ 2 մլն հանդիսատեսի առջեւ։ Մինչ խմբերի կամ անհատ կատարողների ժամանումը ԱՄՆ, պոտենցիալ հանդիսատեսի շրջանում աշխատանքներ են տարվում տվյալ երկրի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ծանոթացնելու ուղղությամբ։ Հյուրընկալվող երկրի համերգային տուրը տեւում է 2-4 շաբաթ՝ ԱՄՆ 15-20 նահանգների տարբեր քաղաքների համերգասրահներում, համալսարաններում, քոլեջներում եւ մշակութային այլ օջախներում։ Տուրի ընթացքում ելույթները կայանում են շուրջ 50 հազար հանդիսատեսի առջեւ, որոնց թվում ներկա են լինում նաեւ կոնգրեսմեններ, սենատորներ, քաղաքապետներ եւ այլ ազդեցիկ դեմքեր։ Արվեստագետները հյուրընկալվում են ամերիկյան ընտանիքներում։ Դա եզակի հնարավորություն է թեկուզ ժամանակավոր շփվելու, ճանաչելու, մտերմանալու, ընկերանալու համար։ Մշակութային միջոցառումներից բացի, հնարավորություն է ընձեռվում այցելել նաեւ տեսարժան վայրեր։ Ստացվում է, որ ցանկացած երկրի երիտասարդ արվեստագետ ԱՄՆ-ում հանդես է գալիս իբրեւ իր երկրի մշակութային դեսպան։ Ձեր երկիր այցի հրավեր ստացել եմ Հայաստանի ազգային դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանի կողմից։

– Մինչ այսօր ձեր ծրագրերին  հայ կատարողներ մասնակցե՞լ են։

– Հայեր մասնակցել են։ Օրինակ՝ պարի խումբ Մոսկվայից։ Վերջին անգամ 2018թ. իրենց արվեստը ցուցադրեցին Երեւանի օպերային թատրոնի բալետի արտիստներ Գրիգոր Զաքյանը, Գեւորգ Խաչատրյանը, Իդա Մանասերյանը։ Այս օրերին պարոն Զաքյանի խորհրդով ծանոթացա եւ ունկնդրեցի Դելփյան խաղերի տարբեր տարիների հաղթողներին, որոշ պետական եւ ոչ պետական կոլեկտիվների արվեստը՝ սկսած ժողովրդական նվագարաններից, պարերից մինչեւ դասական արվեստ։

– Հավանաբար արդեն ընտրել, հավաքագրել եք մեր որոշ երիտասարդ արվեստագետների ու խմբերի՝ ԱՄՆ հրավիրելու համար։ Ե՞րբ է ակնկալվում հայաստանցի արվեստագետների առաջին այցը։

– Գիտեք, որ համավարակով պայմանավորված, ԱՄՆ-ում արգելված են բազմամարդ միջոցառումները, սակայն պատվաստումների ակտիվությունը հույս է ներշնչում, որ դրանք հավանաբար օգոստոսին կվերսկսվեն։ Ինչ վերաբերում է հայաստանյան արվեստագետների խմբի ամերիկյան շրջագայությանը, ապա պարոն Ալեքսան Զաքյանը կպատրաստի ծրագրի ընթացակարգերով նախատեսված հայտերը, որոնք պետք է նախ հավանության արժանանան RCF-ի խորհրդի կողմից։ Այս պահին ասեմ, որ հիացած եմ ձեր երիտասարդների ներկայացրած արվեստով, վստահ եմ, որ նրանց ելույթներն ԱՄՆ-ում մեծ արձագանք կունենան։ Թեպետ ունեք մեծ Սփյուռք, բայց շեշտենք, որ մեր ծրագրերը նախատեսված են զուտ ամերիկացիների համար։ Ինչ խոսք, սփյուռքահայերն էլ կունենան մասնակցություն, բայց դա կարող է լինել 1-2 տոկոսի չափով։

– Բնականաբար, այս օրերին այցելել եք հայաստանյան պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, բայց զուգահեռ ականատեսն եք եղել նաեւ Երեւանում անցկացված ցույցերի, տարբեր քաղաքական ակցիաների։ Արդյոք շարքային ամերիկացին տեղյա՞կ է մեր երկրում կատարվող իրադարձություններին։

– Դրանք ընդամենը պատկերացումների մակարդակում են։ Ես ավելին տեսա, քան պատկերացնում էի։ Շատ շփումներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ։ Ի վերջո, հայազգի բարեկամներ ունեմ եւ Երեւանում, եւ Լոս Անջելեսում։ Անդրադառնալով հայկական մշակույթին, ասեմ, որ այցս նորովի եւ խորը բացահայտեց հայկական մշակույթը, հավատքը։ Ձեր ժողովրդին պատուհասած աղետն ու դրա հետեւանքով առաջացած դժվարություններն ու փորձությունները, հավատացած եմ, կհաղթահարվեն առաջին հերթին հենց հավատի շնորհիվ։ ԱՄՆ-ում կայանալիք հայկական մշակութային ծրագիրը եւս մեկ միջոց է ներկայացնելու ոչ միայն ձեր բազմադարյա հարուստ մշակույթը, այլ նաեւ հայոց պատմությունն ընդհանրապես։ Իսկ այս օրերին ամենուր ինձ ուղեկցում էր զարմանքը. ի՜նչ հիանալի մարդիկ կան այստեղ, որոնք ստվերում են…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930