Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավոյի ու թշնամուն խաղաղություն պարտադրելու մասին

Հունիս 03,2021 12:30

Ընկերները նրան Ավո են ասում։ Երեւի պատահական ոչինչ չկա։

Նրա ներսում ապառաժված են հայրենասիրությունն ու բարի կամքը։

Ավետիսը` Ավոն,  այն եզակի տղաներից է, որ զրուցելու ժամանակ իսկույն զգացի ուժն ու սերն առ հայրենիք։ Չէ, սա բառերով կամ նախադասություններով սիրո մասին չէ, այլ հոգով ու մտքով սիրո, որն անքննարկելի է բոլոր պարագաներում։

«Հայրենիքի հանդեպ սերը սկիզբ է առել առաջին դասարանից, իմ ուսուցչի օգնությամբ, դրանից հետո արդեն պատմական գրքեր կարդալուց, ավագ սերնդի հետ շփվելուց, այն մարդկանց հետ, ովքեր առաջին պատերազմի միջով անցել էին, մարդիկ, որոնք պատմում էին պատերազմի դժվարությունների եւ հաղթանակների մասին։ Ու այդ ամենը ամբողջացավ, երբ սկսեցի Նժդեհ կարդալ»,-ասում է Ավետիսը։

Անշուշտ,  այդ ամենն իր մեջ  ձեւավորեցին մի մարդու,  որը  պետք է պաշտպաներ հայրենի  հողն ու ջուրը, մեր արժանապատիվ ու ազատ կյանքը։

Ինչպե՞ս սկսվեց պատերազմը. սա ոչ պատահականություն է, ոչ էլ անսպասելի թվացող իրողություն։ Հայ ես, ուրեմն միշտ պատերազմի մեջ ես, քանի որ ունես արյունախում թշնամի։

«Պատերազմը սկսվեց հեռախոսի լրահոսը կարդալուց եւ ավարտվեց հիվանդանոցի մահճակալին պառկած՝ էլի լրահոսը կարդալով»,-առանց երկմտելու ասում է նա` հայացքը չշրջելով, իսկ նույն հայացքի մեջ պատերազմում մարտնչած զինվորականն ու ընկերներ կորցրած Ավետիսն է։ «Պատերազմը ինձանից խլեց ընկերներ, անհոգ ապրելու հնարավորություն,- ասում է զրուցակիցս` շարունակելով,- փոխարենը տվեց մի շարք խնդիրներ, եւ խոցված արժանապատվություն»։

Կամավոր էր Ավետիսը, որը, չնայած մեր զրույցի ժամանակ ասաց` հերոսական դրվագներ չեմ ունեցել, եղել եմ շարքային կամավոր, բայց ընկերներն այլ բան են պատմում: Մենք զրուցեցինք նրա ընկերոջ` Արմանի հետ, որը խոսելով Ավետիսի սխրագործությունների մասին` ասաց, որ նա փայլուն է կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Պատերազմի ժամանակ Ավետիսը «Քեռու» ջոկատի կազմում  ընկերների հետ կամավոր մեկնել էր «Եղնիկներ»։ Արեգասարի հարձակման օրը Ավետիսն իր մարտընկերներով թիկունքն էին ապահովում։ Իմանալով, որ կորուստները շատ են եւ վիրավոր կա, Ավետիսն  առանց վարանելու շտապեց առաջ`  իր ընկեր Սեւակի հետ։

«Օգնության շտապելու ընթացքում մոռացել էր իր հետ զենք վերցնել։ Առաջ շարժվելով դեպի  հակառակորդի դիրք,  հանդիպեց երեք զինվորների եւ ընկերոջը` Արմանին,  ով ուսերի վրա բերում էր վիրավոր զինվորին։ Ավետիսի շնորհիվ  նրանք  հակառակորդին  թեկուզ շատ մոտ էին գտնվում, բայց կարողացան հանել վիրավոր մարտընկերոջը»,-պատմում է ընկերը` Արմանը։

Ավետիսը վիրավորվել է  ավիահարվածից, ութ հոգուց հինգը մահացել են, իսկ երեքը`  վիրավորվել։ Վերջին հարցիս` թշնամուն խաղաղություն ինչպե՞ս կարելի է պարտադրել, Ավետիսի պատասխանը հստակ էր. «Թշնամուն խաղաղություն կարելի է պարտադրել, եթե մենք ունենանք զարգացած երկիր, առողջ բարքերով եւ օրենքներով ապրող արժանապատիվ քաղաքացիներ, որոնք առաջ կմղեն երկրի տնտեսությունը, որն էլ  կհզորացնի հայոց բանակը»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930