Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիեւի համար «արժեքավոր» թեկնածուն

Հունիս 03,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց Շուշիում թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության հովանու ներքո դպրոցի ստեղծման գաղափարից

Մինչ Փաշինյանը փորձեց միջնորդ պետություններին ներգրավել սահմանագծման ու սահմանազատման գործընթացներում՝ Բաքուն արագ կողմնորոշվեց, թե որ ուղղությամբ պետք է աշխատի ու ում աջակցությունը հաստատի:

Բաքվից անմիջապես հայտարարեցին, որ համաձայն են սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին նշեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ վարչապետների նիստում՝ հավելելով. «Սահմանագծումը եւ սահմանազատումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է լուրջ միջազգային-իրավական հենք ունենա»:

Ասադովը նաեւ Ադրբեջանի հավատարմությունն էր հայտնել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում` «հետկոնֆլիկտային իրավիճակի կարգավորմանը եւ տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով` նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների բարեխիղճ իրականացման համատեքստում»:

Այսպես, օրեր առաջ Փաշինյանի առաջարկը Բաքվին՝ հայելային եղանակով ետ քաշել զորքերը եւ ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում, արձագանք ստացավ, սակայն Բաքուն ճշգրտեց, որ այդ հարցում, փաստորեն, վստահում է բացառապես Ռուսաստանին:

Բաքվի արձագանքից հետո Փաշինյանն արդեն արձանագրեց, որ Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները՝ սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ, ընդունելի են հայկական կողմի համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում Փաշինյանն ասաց. «Մեզ համար ընդունելի են նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությունները։ Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է եւ այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս: Հարցը վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի զորքերը հայելային դուրս բերվեն սահմանային գծից եւ բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների սահմանագծման աշխատանքը»։ Իսկ Սպիտակում Փաշինյանն ընդգծեց, որ սահմանային հետագա էսկալացիա թույլ չենք տալու. «Մենք ամեն վայրկյան պատրաստ ենք հայելային եղանակով զորքերը հետ քաշել եւ միջազգային հովանու ներքո սկսել սահմանների սահմանագծման աշխատանքը»:

Ապա` նա հորդորեց. «Որեւէ մեկը թող չվախենա դեմարկացիա եւ դելիմիտացիա բառերից: Ամեն անկախ պետություն այս խնդրի հետ բախվում է, եւ մենք, այո, պետք է գնանք սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, որովհետեւ 21-րդ դարում դա նշանակում է սեփական երկրի ժողովրդին անձեռնմխելի պարիսպ քաշել»: Նա նաեւ խորհուրդ տվեց չվախենալ կոմունիկացիաների բացումից. «Այնպես, ինչպես, օրինակ, այսօր երկաթուղին՝ գնացքը հատում է հայ-վրացական սահմանը, այնպես էլ երկաթուղին կարող է հատել հայ-ադրբեջանական սահմանը»:

Իր հերթին նաեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները: Ըստ «Արմենպրես»-ի՝ նա նշել է, որ հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ «Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում», – նշել էր Գրիգորյանը։ Նա հավելել էր, որ այս համատեքստում ընդգծվել է նաեւ հայ գերեվարված զինվորականների վերադարձը. «Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու եւ մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու, այնուհետեւ սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ»։

Ինչեւէ, Փաշինյանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմաններին ընթացող գործընթացները համեմատել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետ, իհարկե, բավական տարօրինակ փաստ էր: Մի դեպքում՝ բարեկամական հարաբերություններ են Վրաստանի հետ, մյուս դեպքում՝ հետպատերազմյան անորոշ իրադրությունը: Ադրբեջանական կողմից ակնհայտ սանձարձակ վերաբերմունքն ինչպե՞ս կարելի է համեմատել հայ-վրացական հարաբերությունների հետ ու մատնացույց անել՝ Հայաստան-Ադրբեջան սահմաններում ընթացող գործողությունները: Բացի այդ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի կնքվել խաղաղության համաձայնագիր՝ ԼՂ խնդրով, Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Փաշինյանն այնպես է ներկայացնում, կարծես բոլոր խնդիրները հարթվել ու լուծվել են, մնացել են «տեխնիկական» ինչ-որ դետալներ:

Ըստ ամենայնի, Փաշինյանի պատրաստակամության աստիճանը գնահատելով՝ Ալիեւը որոշեց պատասխան ուղերձով հանդես գալ: Վերջին շրջանում հայկական կողմն «առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», օրերս ասաց Ադրբեջանի նախագահը՝ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նա նորից կրկնել է, թե՝ «աշխատում ենք նոր՝ զանգեզուրյան միջանցքի վրա», ապա շարունակել է, թե դրա «անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ»: «Այն կապահովի նոր կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ», – ասել է Իլհամ Ալիեւը։ Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, եւ միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ալիեւը պնդել է, թե պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին: «Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», – ասել է Ալիեւը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների միջեւ, եւ որ արդեն կան լավ արդյունքներ։ Թե ինչ արդյունքների մասին է խոսքը՝ Ալիեւը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանն արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը. «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի»։

Պաշտոնական Երեւանն ամիսներ շարունակ վստահեցնում է, որ թե «միջանցքի հարց բանակցություններում չկա եւ չի լինելու», մինչդեռ Ալիեւը շարունակում է հետեւողականորեն՝ «զանգեզուրյան» գիծը առաջ տանել։

Չնայած այս ամենին, սակայն, չի բացառվում, որ Հայաստանում արդեն իսկ ընթացող նախընտրական տրամադրությունների ֆոնին Ադրբեջանից մոտ ապագայում հնչեն ավելի մեղմ, խաղաղասիրական հայտարարություններ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այստեղ չկա որեւէ զարմանալի բան. Փաշինյանի հետագա իշխանավարումը միանգամայն ձեռնտու է Ալիեւին, եւ նա, թերեւս, ամենաշահագրգիռներից է, որպեսզի առաջիկա ընտրություններում Հայաստանում իշխող քաղաքական ուժը շարունակի կառավարել: Նրանք Փաշինյանի հետագա իշխանավարումը համարում են Ադրբեջանի համար նպաստավոր, քանի որ պատերազմում պարտվածի հետ մշտապես ուժի դիրքերից խոսելու հնարավորություն ունեն եւ բնական է, որ ընձեռած նման հնարավորությունից չեն ցանկանում զրկվել, եւ այս առումով՝ Փաշինյանն Ալիեւի համար «արժեքավոր» թեկնածու է:

Ի դեպ, ուշագրավ էր օրերս մի տեղեկության տարածումը: Շուշիում թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության հովանու ներքո դպրոցի ստեղծման նախագիծը չեղարկվել է պաշտոնական Բաքվի կողմից, անցյալ շաբաթ թվիթերում հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին։

Վերջինիս խոսքով՝ «Ազգայնական շարժումը» հրապարակել էր ապագա դպրոցի նախագիծը եւ նույնիսկ ընտրել դրա անվանումը. «Այն պետք է կրեր Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի պետական օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջիբեյլիի անունը: Ադրբեջանի կառավարությունը, սակայն, այս նախագծի իրականացումը նպատակահարմար չի համարել եւ մեկ այլ դպրոցի ստեղծման ծրագիր է շրջանառության մեջ դրել։ Դա նրանց բնական իրավունքն է, եւ մեզ այլ բան չի մնում, քան հարգել ադրբեջանական կառավարության այդ որոշումը»։ Բահչելիի խոսքով՝ «Վերը շարադրված զարգացումների պատճառով «Ազգայնական շարժումը» հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու մտադրությունից։ Այն հանգանակությունները, որ դպրոցի կառուցմանն օժանդակելու նպատակով կատարվել են մեր եղբայրների կողմից, կվերադարձվեն առանց որեւէ հապաղման եւ ողջ ծավալով»։

Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը նման որոշման է հանգել մայիսին Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերի ֆոնին, որում կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ զերծ մնալ հայատյաց քարոզչությունից։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին, անդամ երկրներին կոչ էր արել ուսումնասիրել «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը եւ արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում: ԵՄ-ին ու անդամ երկրներին նաեւ կոչ էր արվել ուշադրությամբ հետեւել նրանց գործունեությանը եւ հակազդել դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների եւ տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Հնարավոր է, որ Ալիեւը նման որոշման է հանգել նաեւ Ռուսաստանի վերաբերմունքը հաշվի առնելով, եւ Բաքվի ու Մոսկվայի հետաքրքրություններն անգամ համընկել են այս հարցում՝ թույլ չտալ Անկարային արմատավորվել Ադրբեջանում չափից ավելի մեծ «ախորժակով»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930