Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է պատմում Աբովյանի դիահերձարանից
Զինվորների մարմինները ամիսներով ցելոֆանների մեջ դիահերձարանից դիահերձարան են տեղափոխում, ծնողները որդիներին ադրբեջանական տեսանյութերում են փնտրում:
Աբովյանի դիահերձարանում մեր զոհված զինվորների մասունքները, մարմինները պոլիէթիլենային տոպրակների մեջ լցրած ու գետնին թափած ուղղակի շոկի մեջ է գցել հանրությանը:
Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ այցելել է այդ դիահերձարան ու «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ պատմեց, թե ինչ սահմռկեցուցիչ ապրումների մեջ է ընկել այցից հետո, կիլոմետրերով ոտքով ինքնամոռաց քայլել՝ հոտը, այդ տեսարանը մի կերպ «մարսելու» համար. «Զարհուրելի էր, այդ մթնոլորտը, այդ հոտն ինձ ուղղակի հետապնդում էին: Ես առ այս պահը ուշքի չեմ գալիս այդ տեսարանից»:
Կարդացեք նաև
Թե ինչ էր կատարվել, ով էր թերացել, ինչու մենք ստիպված եղանք ականատես լինել այդ պատկերին՝ Նաիրա Զոհրաբյանը այսպես պատմեց. «Իրականում դիակները եղել են Մեծամորի դիահերձարանում: Մայիսի 27-ին դիահերձարանի սառնարանը վնասվել է եւ դիակները տեղափոխել են Կոտայքի դատաբժշկական փորձաքննության կենտրոն եւ այդ սարսափելի տեսարանը, երբ որ տեսանք երկու սենյակներում, խոսքը 46 դիակների մասին է, դրանք տեղափոխված են եղել Մեծամորից: Ես բացեցի սառնարանը նայեցի, այնտեղ 10 դիակ կարող էր տեղավորվել, այդ պահին 6 դիակ կար»:
Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ երեկ տհաճ միջադեպ է եղել դիահերձարանում, վրդովված ծնողները բռնության են ենթարկել դիահերձարանի պատասխանատուին. «Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչու է բռնության ենթարկվում դիահերձարանի բաժնի վարիչը եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որը միակ մեղավորն է եւ միակ պատասխանատուն է դրա: Իրենց երեխաները ամիսներով ցելոֆանների մեջ դիահերձարանից դիահերձարան են տեղափոխում: Երեկ արդեն աղմուկից հետո դիակների գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան: Այնտեղ տարածքը մեծ է, սառնարանն ավելի մեծ հնարավորություններ ունի»:
Երեկ լուրեր կային, որ հարյուրավոր դիակներ այդ վիճակում գցված են գետնին, հարցին՝ փաստորեն դա չի՞ համապատասխանում իրականությանը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չկա փորձանմուշ չվերցված դիակ: Այս պահի դրությամբ բազմաթիվ մասունքներից 50-ի դեպքում որեւէ կերպ այլեւս չի հաջողվում ստանալ ԴՆԹ, 149 դիակի դեպքում վերցված է եւ փորձանմուշը ոչ մի ծնողի հետ չի համընկնում: Կամ ծնողների մի մասը չի հանձնել ԴՆԹ, կամ կարող ենք ասել, չբացառենք, որ ադրբեջանցիներ կարող են լինել, որովհետեւ այդ դիակները բոլորն անճանաչելի են ու այլեւս որեւէ տարբերակ ճանաչել հնարավոր չէ: Կան դիակներ, որոնց նույնականացումն արվել է, բայց նույն նույնականացման արդյունքը երկու տարբեր մոր են ասել: Կա՛մ շփոթել են, կա՛մ հաշվի առնելով, որ մենք մոնոէթնիկ ազգ ենք, այդպիսի նույնականացումներ, ցավոք, լինում են: Ծնողները դեռեւս հույս ունեն, որ իրենց որդիները կգտնվեն, կամ ադրբեջանական տեսանյութերում նայում են, ենթադրում են, որ իրենց որդիներն են: Բազմաթիվ դեպքերում արդյունքը տրվել է դրական, բայց իրենք հրաժարվում են գալ եւ իրենց զավակի դիակը վերցնել: Այս դեպքում կարծում եմ, որ ովքեր կասկածում են, պիտի դիմեն, որ կրկնափորձաքննություն արվի եւ եթե կրկնափորձաքննության դեպքում էլ հաստատվի, պիտի վերցնեն եւ հողին հանձնեն»:
Սա առաջին դեպքը չէ, երբ դիահերձարաններում զինվորների մարմինների հետ նման անհարգալից վերաբերմունք կա: Դեռ այս տարվա հունվարին Արցախում հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Կապանի դիահերձարանում տիրող իրավիճակին: Նա հայտնել էր, որ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով դրված են զոհվածների մարմինները, պատուհանները բաց են, իսկ տարածքում անտանելի հոտ է տարածված: Երբ Aravot.am-ը փորձել էր խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, Առողջապահության նախարարությունից պնդել էին, թե խնդիրը ոչ թե իրենց, այլ Սյունիքի մարզպետարանի տիրույթում է: Սյունիքի մարզպետի խորհրդականն էլ ասել էր, որ «Կապանի ԲԿ-ն ընդամենը քաղաքացիական դիահերձարանի իր երկրորդ հարկը տրամադրել է Հանրապետական դատաբժշկական փորձագիտական կենտրոնին, ու ողջ գործընթացը՝ մասունքների հետ կապված, իրենք են իրականացնում: Այսինքն՝ Կապանի ԲԿ-ն ընդամենը տարածք է տվել»: Այսպես այդ հարցը մոռացվեց, հիմա էլ Աբովյանի դեպքը:
Արդյունքում՝ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարությամբ ծառայողական քննություն են սկսել, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ ներողություն է խնդրել զոհվածների հարազատներից՝ այդ տեսարանի համար:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այդ ներողությունները, քայլերը անլուրջ են. «Հիմա իրենք մի քանի սանիտարի աշխատանքից կհանեն, ինչ էլ անեն՝ իմաստ չունի: Մենք այնքան մեծ արհավիրքի առաջ ենք կանգնած, որ այլեւս ինձ չի էլ հետաքրքրում՝ որ բաժնի պետին իրենք աշխատանքից կհանեն: Փաստն այն է, որ այս մարդիկ ամիսներով այդ դիակները պահել են սառնարաններում, չեն կարողացել գրագետ ձեւով կազմակերպել այդ գործընթացը: Նույնականացման ԴՆԹ-ի սարքը նրանք 110 մլն դրամ ավելի են առել, քան իր իրական գինն է: Այդ մարդիկ նույնիսկ դժբախտության, ողբերգության վրա փող են աշխատել ու փորձել են կոծկել իրավիճակը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեր դիահերձարանները նախատեսված չեն նման քանակի դիակ պահելու համար. «Դիահերձարանների սառնարաններում այդ դարակները սահմանափակ թվով են, որովհետեւ ոչ մեկը չգիտեր, որ Նիկոլը հանձնելու է Արցախը եւ 5000 զոհ ենք ունենալու: Հիմա կոնկրետ Կոտայքում Կարմիր խաչի միջնորդությամբ շատ արագ սառնարանային հատված պիտի կառուցվի: Իշխանությունները հենց պատերազմի առաջին օրից, երբ մենք ունեցանք հսկայական զոհեր, անընդհատ փորձել են թաքցնել թիվը, որպեսզի բողոք չլինի, բունտ չլինի: Նրանք ամիսներով եղել են «Սպայկայի» 5-6 սառնարան մեքենաներում: Այս պահի դրությամբ դատարկված են դրանք եւ դեռեւս մեկ սառնարանային մեքենա է մնացել՝ դիակներով լեցուն: Իրենք փորձել են այդպես հատված-հատված տալ դիակները, որպեսզի լարվածություն չառաջանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2021