Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էին անում նախարարության շենքի մոտ։
Երեկ բացահայտվեց, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանում նվաստացուցիչ պայմաններով էին պահվում պատերազմում զոհված զինծառայողների մասունքները։ Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել, եւ նշել, որ դա իր բացթողումն է։
Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բողոքի ցույցի մասնակիցներն այսօր պահանջում էին նախարարը իջնի իրենց հետ հանդիպի եւ բացատրություն տա։ Նրանք նաեւ պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Կարդացեք նաև
«Իրենք հայրենիք չունեն, սրբություն չունեն, իրենց աչքերին էլ կասեմ՝ իրենք մեր զինվորի արժեքը չգիտեն։ Չգիտենք, ինչ է ասել նախարարը ծնողներն, բայց դուք չիջաք եւ բացատրություն չտվեցիք, դուք եւ այս համակարգը արժանի է այդ տոպրակների մեջ լցնելու, համակարգը արժանի տոպրակների մեջ փաթաթվելու եւ նետվելու պատմության աղբանոցը։ Դուք եք արժանի այդ տոպրակներին, ոչ թե մեր հերոս տղաները»,-ասում էին ցույցի մասնակիցները։
Նրանք պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի դիմաց։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը․ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ։ Ոստիկանները ցույցի ակտիվ մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածներից էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ