Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Գյումրիից «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուները

Հունիս 02,2021 22:50

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից մի քանիսն  առաջատար, անցողիկ տեղերում ընդգրկել են նաև Գյումրիի թեկնածուներին՝ այսպիսով  ուշադրություն  դարձնելով  հանրապետության երկրորդ քաղաքին։

Գյումրեցիներին այս առումով չի անտեսել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանն, ինչպես նաև էդմոն Մարուքյանը։

Ավելին, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը   ամենաշատ տեղերն է  հատկացրել գյումրեցիներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում  Գյումրիից հիմնականում ընդգրկված են գործարարներ, կան նաև մանկավարժներ՝ ՇՊՀ-ի դասախոսներ ու ակտիվ ուսուցիչներ։

Այսպես «Լուսավոր Հայաստան»-ը  իր համամասնական ցուցակի 7-րդ տեղը հատկացրել է  Ազգային Ժողովի պատգամավոր Սարիկ Մինասյանին, որը նախկինում եղել  է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա։

Նա 2012 թվականին Սամվել Բալասանյանի թիմից էր․ Գյումրու  քաղաքապետարանում աշխատել  է Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուց հետո՝  զբաղեցնելով բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի  պետի պաշտոնը։ Այնուհետ որոշ տարաձայնություններ առաջացան իր և քաղաքապետի միջև, և Սարիկ Մինասյանը, որը մտերիմ էր նաև գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի  հետ, զբաղեցրեց  սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը, իսկ 2018 թվականին ընտրվեց պատգամավոր։

Ի դեպ, Սարիկ Մինասյանն անկուսակցական է։ Նա գլխավորելու է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային շտաբը։ Այս մասին նա է մեզ տեղեկացրել։

Ցուցակի 23-րդ տեղում 33-ամյա Հովհաննես Խաչատրյանն է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրա ընտանիքին է պատկանում Գյումրու կենտրոնում գտնվող «Լեոն» հագուստի խանութը։

Ցուցակի  38-րդ տեղում  Արմեն Ղանդիլյանն է, անկուսակցական, «Ֆայտոն տուր» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն, «Ցայգ հեռուստաընկերության հիմնադիր Արթուր Ղանդիլյանի որդին է։  Նրա ընտանիքը ևս գործարար Արման Սահակյանի հետ քավորսանիկական կապերի մեջ է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 49-րդ տեղում Արմեն Խաչատրյանն է, դարձյալ անկուսակցական, «Վիդիս դիսթրիբյուշոն» շուկայի զարգացման պատասխանատուների թիմի ղեկավարն է։

53-րդ տեղում Արմեն Հովհաննիսյանն է,  անկուսակցական։ Նա  Գյումրու քաղաքապետարանի  աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետն է։ Ի դեպ, նրա մեծ ցուցապաստառը Էդմոն Մարուքյանի հետ՝ կողք կողքի  լուսանկարված, արդեն իսկ  փակցված է Գյումրու Շիրակացի փողոցում։

58-րդ տեղում էլ  անկուսակցական Հովհաննիսյան Սպարտակն է, «Գլոբալ ռիթեյլ» ՍՊԸ տարածքային ղեկավարը։

89-րդ տեղում Արմեն Մելքոնյանն է, դարձյալ անկուսակցական։ Նա Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ է, ակտիվ երիտասարդ է՝ իր կարծիքը համարձակորեն արտահայտող։

Ցուցակում կա  նաև Շիրակի պետական համալսարանի դասախոս։

98-րդ տեղը զբաղեցնում է Հակոբ Մելքոնյանը, որը դարձյալ  անկուսակցական է,  իրավագիտության դասախոս է։

104-րդ տեղում Արսեն Վարդանյանն է։ Նա « Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է, գրանցված է որպես «Արսեն Վարդանյան» անհատ ձեռնարկատեր։

Փաստորեն  Էդմոն Մարուքյան կուսակցության 107 հոգուց բաղկացած համամասնական ցուցակում 8 տեղ հատկացված է գյումրեցիներին։

Մյուս կուսակցությունների և դաշինքների ցուցակներին կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930