Այսօր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում հանդիպում ունեցավ կուսակցականների, համակիրների հետ:
Aravot.am-ը Արամ Սարգսյանին հարցրեց՝ ձեր ցուցակում ընդգրկված է գործարար Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» Մանվելը, մյուս քաղաքական ուժերի ցուցակներում էլ կան գործարարներ, որոնք հայտ են ներկայացրել պատգամավոր դառնալու, սրանով բիզնեսը չի՞ սերտաճելու քաղաքականության հետ:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Մանվել Ղազարյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը պատասխանեց. «Նախ, որպես երեւույթ ես դեմ եմ տնտեսության սերտաճմանը քաղաքականության հետ: Եթե նայում ենք գործարարության շրջանակում Մանվել Ղազարյանին, այդ դեպքում ես էլ եմ գործարար եւ ցուցակի 1-ին համարն եմ, ունեմ սեփական ձեռնարկություն, որն աշխատացնում է իմ որդին արդեն 20 տարի եւ ես այդ հիմնարկ երբեք չեմ մտել: Ասեմ ձեզ, որ Մանվել Ղազարյանը 12 տարի է՝ այգեգործ է, բիզնեսմեն չի: Գործարան իր տղաներն անգամ իրեն չեն թողնում մտնի, որովհետեւ ես էլ եմ այդ կարծիքին, որ տղաները անհամեմատ ավելի լավ են կառավարում, հայրը ուղղակի հին սովետական սովորության համաձայն վատնում էր: Հիմա ես ու Մանվել Ղազարյանը կարողանում ենք այդ գործարան մտնել՝ մենակ ծառերի տակ քեֆ անելու, ուրիշ բան չէ: Այն էլ այս պատերազմից, համավարակից հետո դրանից էլ ենք զրկվել, ոչ էլ ցանկություն ու սիրտ կա:
Իսկ ընդհանուր առմամբ այդ կարգի գործարարները, այսինքն՝ մարդիկ, որոնք գյուղատնտեսությամբ, գյուղմթերքի մթերմամբ են զբաղվում, կամ իմ նման էկոլոգիական արտադրության խնդիրներ են լուծում, այնպես, ինչպես կրի արտադրությունն է, այս մարդիկ շատ մեծ զանգված են, չեն կարող քաղաքական գործընթացներից դուրս մնալ ու ինչ-որ առումով ուղղորդված կամ զուգահեռ ներկայացված են լինելու այս կամ այն ցուցակներում: Մեր հանրությունը այդ առումով շատ խոշոր բիզնեսմենի նկատի ուներ, որը իր ունեցած կարողություններով, աշխատատեղերի քանակով կարող էր ազդեցություն գործադրեր իշխանության վրա: Թե՛ ես, թե՛ Մանվել Ղազարյանը եւ մեր ցուցակում եղած մյուս գործարարները, եթե այդպես գործարար համարենք, այդ ազդեցությունն ունենալ չենք կարող: Այդ կարգի գործարարներ մատների վրա կարելի է հաշվել: Ցավոք, մեր մոտ իշխանության եկած մարդիկ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում, հետո պարզվում է, որ այդ կարգի գործարար են դարձել՝ բարձր պաշտոնի եղած ժամանակ, սա ամենատխուրն է»:
Ցուցակի 4-րդ համարն է ԵԿՄ-ական Ռոմիկ Մխիթարյանը, որը հին կուսակցականներից է, այնուամենայնիվ, հարցին՝ սրանով ԵԿՄ-ն քաղաքականացնելու վտանգ չկա՞՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «ԵԿՄ-ում բազմաթիվ կուսակցությունների անդամներ կան: Ռոմիկ Մխիթարյանը մեր կուսակցության հիմնադիր անդամ է: Տեսեք, Բորիս Նազարյանն էլ դատախազ է, ի պաշտոնե չպիտի կուսակցական լիներ, բայց ինքը մշտապես մեր հետ է եղել: Մանվել Ղազարյանի հետ էլ միասին մի թաղերում ենք մեծացել ու ասել, որ ինքը կուսակցության մեջ օտար մա՞րդ է: Մեր ցուցակում գրանցված բոլորը կուսակցության հետ սերտ կապի մեջ են, հարազատ են ու նոր մարդիկ շատ քիչ են: Այն նոր մարդիկ, որոնք ավելացել են, ես իրենցով հպարտանում եմ, որովհետեւ իմ համար շատ ուրախալի է, որ վերջին 1-1,5 տարում մեր մոտ շատ ներհոսք եղավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ