Հանրության առաջարկած գաղափարները «Հայաստան» դաշինքի ծրագրի մաս կկազմեն: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը: Դաշինքի իրավական հանձնախմբի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ հանրության հետ կապի ապահովման հարթակներն արդեն պատրաստ են, որոշ առաջարկներ արդեն իսկ ստացվել են:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զինծառայողների դիակների հարցին: Նրա գնահատմամբ, բարդ է պատկերացնել, որ այդպիսի բան կարող էր լինել հատկապես «պոռոտախոսության այն շրջանակներում, որն իշխում է կառավարության ղեկավարի եւ նրա արբանյակների գործելաոճում»։
Այս ամենում, բանախոսը տեսնում է եւ քաղաքական, եւ իրավական, եւ բարոյական պատասխանատվության խնդիր: «Իրավական տեսանկյունից, իհարկե, աշխատանքից ազատելը բավարար հիմք չէ։ Առերեւույթ այստեղ գործ ունենք պաշտոնական անփութության, նույնիսկ Քրեական օրենսգրքով նախատեսված դիակն անարգանքի ենթարկելու հանցակազմի հետ։ Նվազագույնը պաշտոնական անփութության հատկանիշով պետք է քրեական գործ հարուցված լիներ։ Չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի իմացել։ Սա պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող ծածկադմբոց է, որպեսզի մեկ ավել ձայն չկորցնեն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ Փաշինյանի ասած «պլյուս-մինուս 50-ը» երեւի դիահերձարանում տոպրակներով դրված մասունքներն էին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ