Քննարկվեց հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 հիմնական խմբերի: Նախաձեռնությամբ 3-5-րդ խմբերում ներառված հրավառությունները կիրականացվեն միայն համապատասխան համայնքապետարանի թույլտվությամբ եւ պատվերով, համայնքապետարանի թույլատրած վայրերում, սահմանված օրերին ու ժամերին:
Կարդացեք նաև
Փոխնախարարի խոսքով՝ ձայնային աղտոտման պատճառած վնասներն ավելի շատ են, քան տվյալ գործունեության տնտեսական օգուտները: Վիճակագրական տվյալները նշելով՝ Ավանեսյանն ընդգծեց, որ 2017-2019 թթ. ներմուծման ամենաբարձր ծավալը եղել է 1 միլիոն 99 հազար դոլարի շրջանակում, սակայն ձայնային աղտոտման վնասները մոտարկված գնահատականներով կարող են հասնել 4 մլն ԱՄՆ դոլարի:
Առաջին եւ երկրորդ դասերի հրավառությունների վաճառքն արգելվելու է: Դրանց ուժգնությունը 250 մետրի վրա գերազանցում է 60 դեցիբլը: Կանոնակարգվում է դրանից ցածր հզորություն ունեցող ապրանքների վաճառքը: Մինչեւ 16 տարեկաններին վաճառքն արգելվելու է, վաճառքի վայրերում պետք է ներկայացվեն օգտագործման կանոնները:
Նիստին հրավիրված գործարարները նշեցին, որ ներկայացված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան ոլորտի գործունեության վրա: Չի իրականացվի կենցաղային, տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների ներմուծում, եւ պետությունը պետական միջոցառումների ժամանակ ստիպված կլինի հրավառություն պատվիրել օտարերկրյա կազմակերպությունների մոտ ավելի թանկ գնով: Կփակվեն ոլորտում գործող կազմակերպություններ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ առաջարկվող կարգավորումները ուշ ժամերին իրականացվող հրավառությունների խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու: Նա կարեւորեց վերահսկողության ուժեղացումը, արգելված ժամից հետո հրավառության իրականացման դեպքում տուգանքների խստացումը:
Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ ազգային ժողով