Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գնում ենք ամբողջական իշխանություն ձեւավորելու». Իշխան Սաղաթելյանը` հնարավոր կոալիցիաների մասին

Հունիս 02,2021 20:40

«Մենք, որպես ընդդիմություն, չենք կարող պաշտպանել սահմանները, բանակցություններ վարել կամ որոշումներ ընդունել: Երկրի պաշտպանության գործը պետության եւ բանակի բացառիկ իրավունքն է: Մենք, որպես ընդդիմություն, ոչ կարող ենք երկրի սահմանների պաշտպանությունը կազմակերպել, ոչ ռազմաքաղաքական որոշումներ կայացնել, ոչ էլ երկրի եւ պետության անունից բանակցել: Երբ կունենանք այդ հնարավորությունը, այդ հարցերը բարձր մակարդակով կլուծենք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը`պատասխանելով քննադատություններին, թե պետության այս ծանրագույն իրավիճակում քաղաքական ուժերը նախընտրական պատրաստությունների մեջ են:  Բանախոսը հավելեց, որ եթե հարցը վերաբերվում է կամավորական ջոկատների կողմից սահմանների պաշտպանությանը, ապա դաշինքի անդամներն առաջին շարքերում են եւ ժամերի ընթացքում կլինեն սահմանում:

Իշխան Սաղաթելյանը նաեւ հակընդդեմ հարց է հնչեցնում`իսկ ո՞րն է ընտրություններին չմասնակցելու այլընտրանքը. «Երբ մենք փողոցում պայքարում էինք, ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, ոչ թե փողոցում: Հիմա, երբ գնում ենք ընտրությունների, ասում են`ընտրություններին մասնակցելն էլ ելք չի: Բա ելքը ո՞րն է, թողենք սա մնա՞: Հետեւաբար, պետք է գնալ ընտրությունների եւ վռնդել սրան: Մնացել է 19 օր, պետք է պարզապես դիմանալ»:

Ինչ վերաբերվում է հետընտրական զարգացումներին, Իշխան Սաղաթելյանը հավաստիացնում է`իրենք պատրաստ են ցանկացած սցենարի. «Երեկ նաեւ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ եթե փորձեն ընտրախախտումների կամ այլ ձեւով վերարտադրվել ու պահել իրենց իշխանությունը, պատասխանը լինելու է շատ խիստ ու կտրուկ: Հետեւաբար, խորհուրդ չենք տա գնալ այդ ճանապարհով»:

Հարց հնչեց նաեւ հետընտրական կոալիցիաների մասին: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք գնում են ամբողջական իշխանություն վերցնելու եւ ամբողջական իշխանություն ձեւավորելու, կոալիցիա կազմելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, այդ հարցը չի քննարկվել որեւէ քաղաքական ուժի հետ: Քննարկումները կլինեն ընտրություններից հետո: «Ամեն դեպքում, մեզ համար կան «կարմիր գծեր»՝ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք ոչ մի դեպքում չենք համագործակցի: Մեկին ես նշեցի (Քաղաքացիական պայմանագիրը-Ն. Գ.): Անհրաժեշտության դեպքում մյուսներին էլ կհայտարարենք»: Իշխան Սաղաթելյանը նկատեց`կան ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, բայց իրականում ընդդիմադիրներից քվե են տանում: Բայց նաեւ այդ իմաստով դաշինքում մտահոգություններ չկան, «նրանք չեն կարող շատ խանգարել մեզ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930