Ըստ պաշտոնական Բաքվի, Եղեգիս Համայնքի բնակիչ Լյուդվիգ Մկրտչյանը եւ Կապանի բնակիչ Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ:
Այս թեմայով առցանց քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասաց. «Ես կոնկրետ չգիտեմ, թե նրանք ինչում են մեղադրվում: Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ մեղադրանք է ներկայացված, որովհետեւ ինձ հետաքրքրում է մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները հարգվո՞ւմ են, թե՞ ոչ: Այն, ինչ մենք տեսանք մի քանի րոպե, նույնն է, ինչ տեսել ենք երկու տարի առաջ Կարեն Ղազարյանի դեպքում: Անձը դատարանում նստած է ակվարիումի մեջ՝ տարանջատված է դատարանից, շուրջը փաստաբան չկա, կապը չի ապահովվել նրա եւ հարազատների միջեւ Հայաստանում, կապը չի ապահովվել Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ: Իսկ այդ ամեն ինչը արդեն Եվրոպական դատարանը «Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով սահմանել է որպես կոնկրետ դատավարական իրավունքներ: Այսինքն, այն, ինչ տեսնում ենք, անկախ նրանից, թե ինչում են մեղադրվում, այդ մեղադրանքն արդեն պետք է ամբողջությամբ կասկածի տակ դրվի: Էլ չեմ ասում, որ հիմնարար իրավունքները խախտվում են: Օրինակ, ինչ կարիք կա երկու քաղաքացիներին ակվարիումի մեջ պահել դատարանի դահլիճում:
Եթե զուգահեռ անցկացնենք Քելբաջարի այն երկու ադրբեջանցի դիվերսանտների գործի հետ, փաստաբանները դատարանում հենց նրանց կողքը նստած էին եւ անմիջապես կարողանում էին հաղորդակցվել:
Դրան բացատրություն կա, թե ինչու է Ադրբեջանը այդ կերպ վարվում: Որովհետեւ իրական դատաքննություն չի իրականացվում: Դա ձեւական բան է: Իբրեւ թե, որպեսզի հանկարծ էքսցեսներ չլինեն, իշխանություններն ամբողջությամբ դատը պահում են հսկողության տակ: Ուստի, իմ համար կարեւոր չէ՝ ինչում են մեղադրվում: Կարեւորը, թե դատը ինչպես է իրականացվում: Իսկ դա բացահայտում է, որ այդ ամբողջը ըստ էության ֆարս է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ