Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ նախընտրական ցուցակում 2 Արզաքանցյան կա, ո՞ւմ ցուցակում է «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը, «Հայոց արծիվների» 86 թեկնածուից 70-ը գործազուրկ են

Հունիս 02,2021 19:44

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»՝ ՀԴԿ-ն, որի ցուցակը մշտապես գլխավորել է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, այս անգամ առաջին տեղում նոր թեկնածու ունի: ՀԴԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանն է: Գործարարը, սակայն ցուցակում որպես անկուսակցական տնտեսագետ է ներկայանում: Ցուցակի երկրորդ տեղում Արամ Սարգսյանն է: Արամ Սարգսյանն էլ ներկայացված է որպես կենսաթոշակառու: Ցուցակի 3-րդ համարը «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին նախագահ Նարինե Դիլբարյանն է:

Նա ուղիղ մեկ ամիս առաջ  լքեց «Ժառանգության» ղեկավարի պաշտոնը: ՀԴԿ ցուցակում եւս մի Արզաքանցյան կա. Արմեն Արզաքանցյանը ցուցակի 6-րդ համարն է: Դատելով բնակության հասցեի մասին տեղեկատվությունից,  եւ ոչ այնքան տարածված ազգանունից՝ Արմենը Տիգրան Արզաքանցյանի ազգականն է: Երկուսի գրանցման հասցեն էլ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում է: Կրտսեր Արզաքանցյանն իրավաբան է:

«Հայաստան» դաշինքը  պատգամավորի 153 թեկնածու է գրանցել:  Նախընտրական ցուցակի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: Այս ցուցակում է նաեւ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր է: Քոչարյանի որդին առաջատար դիրքերում չէ, ցուցակում 50-րդն է: Դաշինքի ցուցակում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը,  Արծվիկ Մինասյանը, իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը: Դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել   Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Հայաստան դաշինքի ցուցակում է նաեւ «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Ագնեսա Խամոյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի  5-րդ հորիզոնականում Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է:  «Լուսավորի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը: Այս կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը:

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ «Արարատ» մասնաճյուղի կառավարիչ Իգոր Ավակյանը նույնպես «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով է առաջադրվել:

Լրագրող, հանրային գործիչ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանն էլ «Լուսավորի» նախընտրական ցուցակում է:

«Ազատական» կուսակցության առաջին համարը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է: Այս կուսակցության ցուցակում է նաեւ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Արամ Սարգսյանն է, երկրորդը՝ արդարադատության նախկին Արտակ Զեյնալյանը: Անի Խաչատրյանը, որը ավագանու «Լույս» խմբակցության անդամ է, նույնպես «Հանրապետության» ցուցակով է առաջադրվել: Ցուցակի 7-րդ տեղում «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն է: Այստեղ է նաեւ Ծառուկյանի  փեսան՝ Կարապետ Գուլոյանը, որը ցուցակի 5-րդ հորիզոնականում է:

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ Խաչիկ Ասրյանը: Ուշագրավ է, որ այս կուսակցությունը պատգամավորի 86 թեկնածու է գրանցել,  որոնցից 70-ը չեն աշխատում, գործազուրկ են: Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի վայրի, պաշտոնի վերաբերյալ տողից: Ի դեպ, Խաչիկ Ասրյանը եւս ներկայացված է որպես գործազուրկ:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ Ասպետ» վարժարանի տնօրեն Կարինե Տոնոյանը, պատգամավորի 95 թեկնածու է գրանցել: Արսեն Գրիգորյանն էլ այս կուսակցության նախընտրական ցուցակում է, որը հանրությանը հայտնի է Մրո անունով: Այստեղ է նաեւ Մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ,  Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկանան քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930