Խոսելով այսօր Երեւանի կենտրոնում հրազենով կատարված սպանության մասին՝ դաշնակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանն ասաց. «Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի փաստացի գոյություն չունեցող իշխանությունում իրավապահ կառույցները, երկրի ամբողջ պետական իրավական համակարգը աշխատում են մեկ անձի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Պատահական չէ, որ ընդդիմության փողոցային ակցիաների ժամանակ, մասնավորապես՝ դաշնակցության, պահպանության ոստիկանական շերտ, պատ ապահովելու համար բերում էին տարբեր բաժիններից հասարակական կարգի պահպանման հետ կապ չունեցող ոստիկանության սպաներ:
Մենք հիմա խոսում ենք աղմկահարույց սպանության մասին: Բայց տեսնո՞ւմ եք, որ փողոցներում ընդհանրապես պարեկային ծառայություն չի իրականացվում, տեսնո՞ւմ եք երթեւեկության վիճակը, թե ինչպես են մեքենաները մի լուսացույցից մյուսը մինչեւ 100 կմ/ժամ արագություն զարգացնում միացրած խլացուցիչներով: Այսինքն, երկրում իրական անտերություն է, անիշխանություն է:
Սակայն արդեն հիմա, երբ շփվում ես մարդկանց հետ, տեսնում ես, որ կոդ բառերով հիպնոսացվածության մթնոլորտը թոթափվում է: Ասում էին չէ՞, իբր 30 տարի առաջ հողերը հանձնել կամ վաճառել էին թուրքերին: Այսինքն, Ալիեւը 30 տարի հողերը չէր վերցնում, սպասում էր խեղճ Նիկոլի՞ն: Խեղճ Նիկոլի իմիջ էր ստեղծվում: Բայց Նիկոլը խեղճ չէ: Նա պատրաստ է, ժողովրդական լեզվով ասած, փուռը տալ անգամ իր ամենամոտիկ գործակիցներին: Ընտրությունների ավարտին նա երկու տարբերակ ունի. կամ պետք է փախչի, կամ պետք է հեռանալու երաշխավորված երաշխիք ստանա»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ