ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին 2020-ի բյուջեի կատարման քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց. «Մենք բացահայտեցինք հակամրցակցային համաձայնություն ձվի շուկայում: Այդ պահին սպառողը բարձր վճարեց, ինչ-որ տեղ նաեւ հայհոյեց իշխանություններին, հետո դուք վարույթը հարուցեցիք ու պարզվեց՝ հակամրցակցային համաձայնություն է, ո՞նց անենք, որ ոչ թե հետեւանքի հետեւից ընկնենք, այլ պատճառը կանխարգելենք»:
Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է պահանջը հանձնաժողովին, որ նախապես կանխեիք. «Նախապես կանխելու մեկ ձեւ ունենք, երբ ուսումնասիրում ենք ու ասում ենք, որ նմանատիպ խնդիրներ են վրա հասնելու: Ընդ որում, այդ նախապես կանխողները պետք է լինեն քաղաքականություն մշակող մարմինները, մենք կարող ենք ազդակ տանք: Այսինքն, չեք ենթադրում չէ՞, որ դեռեւս խախտում չեղած՝ հանձնաժողովը վարույթ սկսի եւ ենթադրյալ ասենք՝ այ դուք այսպիսի խախտում եք անելու, դրա համար եկեք գլխից պատասխանատվության ենթարկենք, որ չանեք: Իհարկե, ես հասկանում եմ, որ սպառողը նախարարությունը կամ որեւէ այլ մարմին տարանջատելու խնդիր չունի: Սպառողն ասում է՝ հարգելի՛ պետություն, իմ ապրանքի գինը՝ ձվի գինը ոչ օբյեկտիվ պատճառներով թանկացել է: Հիմա դու պատասխանատվություն ենթարկեցիր, չենթարկեցիր՝այսպես ասած, իմ կյանքում ոչինչ է: Իրավախախտումների յուրահատկությունը այդ է: Բայց ո՞վ է ասել, որ երկրում միայն իրավախախտումները բացահայտող կառույցները պետք է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվեն»:
Նա ասաց, որ ՀՀ-ում ձվի սեզոնայնությունը կարգավորված չի ու այն, ինչ եղավ Զատիկի օրերին, էլի կարող է լինել. «Չեն կարողանում այդ կարգավորումը տան: Լավ աշխատանքի արդյունքում ունեցել էին պրոֆիցիտ, այդ արդյունքը պետք էր արտահանել, կամ որեւէ ձեւ վերամշակել, այդ հարցի պատասխանը պետք է տա իմ գործընկեր նախարարությունը՝ էկոնոմիկան: Եթե դուք այդ հարցի պատասխանը չեք տալիս, ամռանը ունենալու ենք էժան ձու, բայց տոներին սպառման ծավալը մեծանալու է: Հավերի գլխաքանակը մենակ տոների համար չեն բերելու չէ՞ ավելացնեն: Հավի գլխաքանակ կա: Հլը իրենց ասած COVID, բան, այդ պատճառները թողնենք մի կողմ: Ես ասում եմ՝ ամեն տարի ունենալու ենք այդ խնդիրը: Եթե մենք կանխատեսում ենք, հավատացեք, մենք գուշակությամբ չենք զբաղվում, մեր բոլոր կանխատեսումները հիմնված են վերլուծությունների վրա»:
Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը լուծում է մտածել՝ կանխարգելելու: Պետգնումներում, երբ մեկը անբարեխիղճ է լինում, սեւ ցուցակ են գցում: Այդպես պետք է վարվել:
Կարդացեք նաև
Մանուկյանը բենզինի շուկայում փոփոխություններից հարցրեց՝ նավթի տեսակարար կշիռը բենզինում փոխվե՞ց, թե՞ այլ դինամիկա է եղել: Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Նավթի եւ բենզինի գները 4 տարվա կանխատեսումով չեն իջնելու: Իմացեք: Ինչ է կատարվում հիմա բենզինի շուկայում՝ ուզում ենք հասկանալ՝ ո՞նց է ՀՀ-ում հայտնվել ավելի էժան բենզին, տնտեսվարողները արդյոք տարբերակվա՞ծ են վաճառում էժան եւ թանկ բենզինները, թե՞ խառնում են իրար ու թանկով են վաճառում: Բենզինի շուկայում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, միայն այն հանգամանքը, որ տարբեր երկրներից անընդհատ տնտեսվարողներ են մտնում, դուրս գալիս, դա արդեն նշանակում է, որ տնտեսական խոչընդոտ չկա: Այս տարվա ներմուծողների ֆիրմային անվանումը նույնիսկ ես չեմ հիշում, ավանդական ընկերությունները չեն»:
Գեղամ Գեւորգյանը խոսեց նաեւ լայն սպառման ապրանքներից՝ կարագի գնի մասին. «Շաքարի շուկան կայունացել է, բայց դա չի նշանակում, որ գինն իջել է: Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում: Որ այսպես խոսում եմ, մարդկանց թվում է՝ նստած ես կանխատեսումներ եմ անում, չէ՛: Այսօր արդեն Նոր Զելանդիայից ձեռքբերման կարագի գները 4000-ից դարձել են 6000 դոլարի կարգի: Նոյեմբերին կանխատեսում կա, որ իջնելու են գները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ